Միջազգային

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտու նկատմամբ։ Այսպիսով, Իսրայելի վերահսկողության տակ է գտնվում պաղեստինյան անկլավի ամբողջ ցամաքային սահմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի զինված ուժերին։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին տեսաուղերձում հայտնել է, որ զինված ուժերը «օպերացիոն» վերահսկողություն են հաստատել «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ․ այսպես է անվանվում Գազայի և Եգիպտոսի միջև սահմանին 14 կմ ձգվող բուֆերային գոտին։

Ըստ Հագարիի՝ «Ֆիլադելֆիական միջանցքը» ծառայում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը՝ մաքսանենգ ճանապարհով Գազայի հատված զենքեր բերելու համար։

Իսրայելը նաև շարունակել է Ռաֆահ քաղաքի գնդակոծությունները՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի հրամանը՝ դադարեցնել հարձակումները քաղաքում, որտեղ ավելի վաղ ապաստան էր գտել Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսը։ Համաշխարհային դատարանը նաև կարգադրել է, որ ՀԱՄԱՍ-ն անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի իսրայելցի բոլոր պատանդներին։

Ավելի վաղ Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին հայտարարել էր, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն առնվազն 2024 թվականի ընթացքում։

Իսրայելի ամենամտերիմ դաշնակից ԱՄՆ-ն, ի դեմս Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբիի, ևս մեկ անգամ հայտարարել է, որ դեմ է Ռաֆահում խոշոր ռազմական գործողություններին՝ նշելով, որ նման գործողություն առայժմ չի տեսնում։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում