Հասարակական

Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խարդախության, գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խարդախության, գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Եվս երեք անձի ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

«Նրանք մեղադրվում են այն բանում, որ Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ Իր հերթին Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։

Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի և երեք անձանց նկատմամբ։

Մայիսի 26-ին Դ․Ս․-ն ձերբակալվել էր, նրան ներկայացվել էր մեղադրանք:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել էր և վերջինս կալանավորվել է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում