Միջազգային

Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը

2 րոպեի ընթերցում

Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանամերձ Նարվա գետում նավարկության ուղիները զատելու համար նախատեսված լողախարիսխների անհետացմամբ պայմանավորված ճգնաժամը դեռևս պատճառ չէ Ռուսաստանի հետ սահմանը փակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

«Ֆինլանդիան փակել է իր արևելյան սահմանը, սակայն էստոնա-ռուսական սահմանը, չնայած միջադեպերին, մնում է բաց», - նշել է Կարիսը։

Ըստ նրա՝ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ հարազատներ ունեն սահմանի մյուս կողմում։ Այնուհանդերձ, հայտնել է նախագահը, անհրաժեշտության դեպքում էստոնական կողմը «շատ արագ կփակի Ռուսաստանի հետ սահմանը»։

Ավելի վաղ Էստոնիայի ՆԳՆ ոստիկանության և սահմանի պահպանության վարչությունը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները հանել են Նարվա գետում տեղադրված լողախարիսխները, որոնք ծառայում էին նավային ուղիների սահմանազատմանը։ Ռուսական կողմը նշում է, որ Նարվայում սահմանազատող լողախարիսխների տեղակայումն ամեն գարուն կարող է փոխվել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս տարի Ռուսաստանը չի համաձայնել 250 լողախարիսխներից մոտ կեսի տեղակայման հետ կապված առաջարկներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում