Հասարակական

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց

3 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը որոշ լրատվամիջոցների և անձանց հորդորում է զերծ մնալ Զինված ուժերի ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարություն է տարածել։

«Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել։

Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից:

Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ մի խումբ սպաների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ ՀՀ նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանին, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում