Հասարակական

Սոցիալական ցանցի օգտատերը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար

3 րոպեի ընթերցում

Սոցիալական ցանցի օգտատերը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» ընկերության սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութ տարածելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նշված օգտատիրոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակչուհի է:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» ընկերության սոցիալական ցանցում՝ իր անվամբ գրանցված էջի բաց հարթակում, կատարել է գրառում՝ նշելով հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ՝ այս կերպ հնչեցնելով անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթիայլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ օգտատիրոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, և նա արգելանքից ազատ է արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում