Հասարակական

Հունաստանում ՀՀ դեսպանը և Կորնթոսի քաղաքապետը կարևորել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը և Կորնթոսի քաղաքապետը կարևորել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Կորնթոս քաղաքի քաղաքապետ Նիկոլաոս Ստավրելիսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Նշում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքական ակտիվ երկխոսության ընթացքը, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-հունական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը։ Այս համատեքստում դեսպանը հիշատակել է Կորնթոսում դեռ 19-րդ դարի վերջերից հայ գաղթականների ներկայության, Կորնթոսի ջրանցքի աշխատանքներում նրանց ունեցած էական ներդրման մասին։ Նաև խոսք է գնացել 1922 թ․ Զմյուռնիայի մեծ աղետից հետո հազարավոր հայերին Կորնթոսում ապաստան տրամադրելու վերաբերյալ։

«Զրուցակիցներն ընդգծել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Այս առումով կարևորվել է երկու երկրների քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի մշակութային և կրթական, ինչպես նաև զբոսաշրջային ծրագրերի զարգացմանը։

Կողմերը համաձայնել են մոտակա ժամանակներս փոխադարձ այցեր կազմակերպել՝ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում