Հասարակական

Ավագանու անդամին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է. նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով

4 րոպեի ընթերցում

Ավագանու անդամին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է. նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ սուտ մատնության հատկանիշներով:

«2024 թ․ հունվարի 17–ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն, ստիպողաբար նստացրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդու, ում հետ, իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդու առևանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որով իրականացվել է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն։ Կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ վերծանումներ, տեսագրությունների զննություն, բազմաթիվ վկաների, այդ թվում Ն․ Հայրապետյանի կողմից որպես առևանգման վայր նշված հասցեի մոտակայքում գտնվող օբյեկտների աշխատակիցների, հարցաքննություն։ Արդյունքում՝ բացի տուժող Ն.Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդումից, ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Ն․ Հայրապետյանին առևանգելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում կատարված ՍԵԿՏ հարցմամբ պարզվել է, որ Ն․ Հայրապետյանը 2024թ․ հունվարի 19-ին՝ ժամը 17:26-ին, Հայաստանից մեկնել է ՌԴ և չի վերադարձել։

Քանի որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ (եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը) վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին։

Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորություններն իրականացնելու ընթացքում ի հայտ են եկել այլ ենթադրյալ հանցանք կատարելու՝ սուտ մատնության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որով իրականացվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում