Հասարակական

«Իմ երեխաներն այժմ կկարողանան իրենց հայրիկին դիտել ֆիլմերում». Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում

4 րոպեի ընթերցում

«Իմ երեխաներն այժմ կկարողանան իրենց հայրիկին դիտել ֆիլմերում». Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռեժիսոր Դենիս Գուլյարի «Մանյունյա․ Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգությունը կներկայացվի հայ հանդիսատեսին։ Ֆիլմը հնարավոր կլինի դիտել երևանյան կինոթատրոններում մայիսի 30-ից։ Արդեն իսկ հասանելի է կինոնկարի թրեյլերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հատուկ մանուկների պաշտպանության օրվան ընդառաջ՝ հայ հանդիսատեսի համար ֆիլմը թարգմանվել և կրկնօրինակվել է հայերեն, ինչը անսովոր, բայց հաճելի անակնկալ է հատկապես փոքրիկների համար։

Ֆիլմի հերոս միշտ պայծառ Մանյունյայի և նրա ընկերների՝ Կարինեի և Նարինեի, կյանքն անդադար սլանում է առաջ և հիմա նրանց սպասվում է ամառային արձակուրդն անցկացնել Մոսկվայում։ Աղջիկներին սպասվում են անհավատալի իրադարձություններ և արկածներ, ինչպես նաև անսպասելի հանդիպումներ և ծանոթություններ։

Դերերում հանդես են եկել Եվգենի Պետրոսյանը, Կարինա Կագրամանյանը, Կարինա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Եկատերինա Տեմնովան, Սերգեյ Կանաևը, Անդրեյ Կոնդրատևը։

Պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Գեորգի Շաբանովը։

Սցենարը՝ Նարինե Աբգարյանի, Հայկ Ասատրյանի, Նառա Հակոբյանի, օպերատոր՝ Տիգրան Դավթյան։

«Մեր նոր ֆիլմը տարբերվում է սերիալից և առաջին ֆիլմից նախ և առաջ նրանով, որ առաջին անգամ մենք լքում ենք Մանյունյայի ծանոթ աշխարհը։ Նոր մասը շատ ավելի մասշտաբային է, մենք կարողացանք վերստեղծել 1981 թվականի Մոսկվան, դրա մթնոլորտը Օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Շատ էինք ուզում ֆիլմը լցնել ատրակցիոններով ու մեծ արվեստագետներով, որպեսզի ընդգծենք այդ տարիների Մոսկվայի մեծությունը, ցույց տանք, թե որքան դժվար, բայց ցանկալի էր մայրաքաղաքում ապրելը»,-նշում է ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը։

Կարինա Կագրամանյանի համար անսպասելի էր այն փաստը, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Մոսկվայում:

«Մանյունյայի նկարահանումները միշտ կապել եմ Հայաստանի և մեր կինոարշավների հետ։ Շատ անսպասելի էր իմանալ, որ նոր ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Մոսկվայում։ Կինոդիտողին սպասվում են նոր պատմություններ, հուզիչ արկածներ և Եվգենի Պետրոսյանի մարմնավորած անհավանական նոր կերպարը»,-ընդգծել է դերասանուհին:

Հայտնի հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի համար սա կինոդեբյուտ է: Խոստովանում է՝ իր կարիերայի ընթացքում շատ կինոնախագծեր էին ծրագրվում, բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում:

«Հիմա, վերջապես, ստացվել է: Պատմությունը, որի վրա մենք աշխատել ենք, աներևակայելի քաղցր է, տոգորված բարությամբ և կարոտով: Հատկապես հաճելի է, որ իմ երեխաներն այժմ կկարողանան իրենց հայրիկին դիտել ֆիլմերում: Այնպես որ, ես ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,-խոստովանել է դերասանը։

«Մանյունյա․ Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգությունը Մանյունյանի արկածները ներկայացնող ֆիլմաշարի երկրորդ մասն է։ Առաջին ֆիլմը և համանուն սերիալն ունեցել են շատ մեծ հաջողություն, ուստի ստեղծագործական թիմը որոշել է շարունակել բեսթսելերի էկրանավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում