Քաղաքականություն

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկել է նոր ուսումնական տարվա ընդունելությունը

3 րոպեի ընթերցում

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկել է նոր ուսումնական տարվա ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներից առաջնակարգ դասախոսների ներգրավմամբ բարձրակարգ կրթության բացառիկ հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արտաքին քաղաքական և միջազգային հարցերով. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում մեկնարկել է նոր ուսումնական տարվա ընդունելությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցումՀայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը նշեց, որ Դիվանագիտական դպրոցն իր ուսանողներին առաջարկում է տարբերվող կրթություն: Տեսական դասախոսությունները համալրելով գործնական վարժանքներով, ԱԳՆ-ում փորձաշրջանով, ուսումնական այցերով և փորձագետների հետ հանդիպումներով՝ դպրոցը եզակի է կրթություն է առաջարկում:

OLD08523.JPG (414 KB)

«Հարցը միայն այն չէ, որ սա դիվանագետ դառնալու ճանապարհն է: Մի մասը դիվանագետներ չեն դառնում, բայց գոհ են կրթությունից, որովհետև մեր տրամադրած կրթության որակը շատ է տարբերվում հայաստանյան բուհերի կամ այլ կրթական հաստատությունների մեծ մասի առաջարկած կրթությունից: Մեզ մոտ դասավանդում են առաջնակարգ դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից, մենք հնարավորություն ենք տալիս աշխատանքային փորձաշրջան անցնել ԱԳՆ-ում և Եվրոպական երկրներում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում և Ժնևում գտնվող միջազգային կառույցների կենտրոնակայաններում: Մեզ համար շատ կարևոր է նաև գործնական հմտությունների ուսուցանումը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Դիվանագիտական դպրոցի դասընթացների ուսումնական ծրագրերը հաշվի են առնում առաջատար կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի բովանդակությունը, մեթոդաբանությունը և չափորոշիչները ու կազմվում են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին համապատասխան։

OLD08496.JPG (468 KB)

Դպրոցի տնօրենը նշեց, որ դիվանագիտական դպրոցը գործում է 2010 թվականից՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» առաջին դասընթացի մեկնարկով: Դասընթացի ընթացքում հրավիրված հիմնական դասախոսներից բացի ունկնդիրների առջև դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ, նաև՝ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններ և այլ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր:

Դպրոցի ուսանողները հավաստիացրեցին՝ նույնիսկ եթե դիվանագետ չդառնան, միևնույնն է՝ դպրոցի տված մեծ գիտելիքները և հմտությունները օգտակար կլինեն իրենց համար տարբեր ոլորտներում աշխատելու ընթացքում:

OLD08450.JPG (323 KB)

Դիվանագիտական դպրոցում ուսումն անվճար է: Մինչև 35 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող և երկու օտար լեզու իմացող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է դիմել դպրոց ընդունվելու համար և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո սովորել ու դառնալ դիվանագետ:

OLD08511.JPG (437 KB)

Դիմել ցանկացողները հայտերն առցանց ձևաչափով կարող են լրացնել մինչև հունիսի 12-ը ներառյալ:

Դասերն անցկացվում են հայերենով և անգլերենով:

OLD08544.JPG (939 KB)

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում