Քաղաքականություն

Ճանաչելով Պաղեստին պետությունը՝ միջազգային հանրությունը կոնկրետ մեսիջներ է ուղարկում Նեթանյահուի կառավարությանը․ արաբագետ

5 րոպեի ընթերցում

Ճանաչելով Պաղեստին պետությունը՝ միջազգային հանրությունը կոնկրետ մեսիջներ է ուղարկում Նեթանյահուի կառավարությանը․ արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում ստեղծված աղետալի վիճակն ու պատերազմական գործողություններն այս հանգրվանում հանգեցրել են նրան, որ միջազգային հանրության զգալի մասը՝ անգամ Իսրայելի դաշնակից երկրները, գնալով ճնշում են գործադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա՝ փորձելով կանգնեցնել հումանիտար ճգնաժամը, որ կա Պաղեստինում։ Հետևաբար, այս համատեքստում պետք է դիտարկել նաև Պաղեստին պետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետն արտահայտեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, ըստ որի՝ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը որպես առանձին պետություն՝ ստիպելով Իսրայելին հետ կանչել իր դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից, ինչպես նաև պնդելով, որ երկու պետության ստեղծմամբ լուծումն էական նշանակություն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայուն խաղաղության համար, որը հոկտեմբերից գտնվում է ՀԱՄԱՍ-Իսրայել բախման կիզակետում:

«Իսրայելի ռազմական կառավարությունը, Նեթանյահուի գլխավորությամբ, փորձում է կոշտ դիրքորոշում դրսևորել, ինչը կապված է մի քանի հանգամանքների հետ։ Իսրայելի վարչապետն իրականում իշխանությունը պահպանելու միակ գրավականը համարում է ռազմական գործողությունների շարունակականությունը, թեև Իսրայելում ընթանում է նաև հակառակ պրոցեսը, որտեղ մարդիկ պահանջում են նրա հրաժարականը։ Այստեղ խնդիրն այն է, որ փորձում են Իսրայելին մեսիջներ ուղարկել և նրա ու ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները բերել կառուցողական դաշտ՝ դրանք տեղավորելով դիվանագիտական խողովակի մեջ, որպեսզի այդ կերպ ավարտեն ռազմական փուլը»,- ասաց Քոչարյանը։

Արաբագետը հավելեց, որ վերոհիշյալ երեք երկրների կողմից Պաղեստին պետության ճանաչումն առանձնապես արտառոց երևույթ չէ, քանի որ ՄԱԿ-ի ավելի քան հարյուր պետություններ արդեն ճանաչել են Պաղեստինի անկախությունը։

«Այստեղ կարևորը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է։ Ճիշտ է, Վաշինգտոնն արտահայտվում է Պաղեստին պետության ստեղծման օգտին, բայց, ինչպես մեկնաբանեց արտաքին գերատեսչությունը, իրենք կողմն են ոչ թե միակողմանի ճանաչմանը, այլ բանակցությունների արդյունքում Պաղեստին պետության ճանաչման գործընթացին։ Նեթանյահուն իր հերթին վերջին ելույթներից մեկում նշեց, որ իրենց բարեկամ ու ոչ թշնամի երկրները ցանկանում են, որպեսզի վերջ տրվի ռազմական գործողություններին, սակայն պնդեց, որ ձգտելու են մինչև վերջ հաղթել ՀԱՄԱՍ-ին, ինչը խոսում է այն մասին, որ էսկալացիան դեռ շարունակվելու է։ Կա նաև մտավախություն, որ կարող է բացվել երկրորդ ճակատը Լիբանանի «Հըզբոլլահ»-ի մասնակցությամբ, ինչը նույնպես կարող է նպաստել Նեթանյահուի կառավարության երկարաձգմանը»,- նշեց մեր զրուցակիցը։

Քոչարյանի դիտարկմամբ՝ այն ուժերը, որոնք Իսրայելում ձևավորել են ներկայիս կառավարությունը, գաղափարախոսությամբ աջամետ են, նույնիսկ կան ծայրահեղ աջամետներ, որոնք չեն ընդունում Պաղեստին պետության գոյությունը և այդ տարածքները համարում են իրենցը, իսկ Նեթանյահուն կոալիցիա է կազմել հենց այդ ուժերի հետ, մինչդեռ դաշնակիցները փորձում են նրան բերել կառուցողական դաշտ, ինչի արդյունքը մինչ այս պահը տեսանելի չէ։

Անդրադառնալով նաև այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը օրեր առաջ դիմել էր Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար, արաբագետն ընդգծեց, որ այդ քայլը նույնպես պետք է դիտարկել որպես Իսրայելին կառուցողական դաշտ բերելու փորձ։

«Բայց Նեթանյահուն այդ ճնշմանը պատասխանեց, որ եթե նման բան արվի, ապա իրենք էլ վերջ կտան Արևմտյան ափի Պաղեստինի իշխանությանը՝ մտնելով նաև այդ տարածքները։ Այսինքն՝ երկուստեք կա կոշտ հռետորաբանություն, և իսրայելական կողմն ամեն ինչ անում է՝ ցույց տալու, որ չի գնա զիջումների»,- եզրափակեց արաբագետը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում