Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագրի ներքո բացվել է «Երիտասարդական էքսպո 2024» ցուցահանդեսը

«Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագրի ներքո բացվել է «Երիտասարդական 
էքսպո 2024» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին մասնակցել է  «Երիտասարդական էքսպո 2024» ցուցահանդեսի բացմանը, որն այս տարի կրում է  «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ցուցահանդեսը կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է. «Ժողովրդավարական երկրում առաջնային է ապահովել հասարակական կյանքում քաղաքացու արդյունավետ մասնակցությունը՝ իրացնելու համար նրա կարողություններն ու ռեսուրսները: Կարևոր են ոչ միայն գիտելիքն ու հմտությունները, որոնց տիրապետում է քաղաքացին, այլև գիտակցումը, որ հենց ինքն է փոփոխություն բերողը»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հանրակրթական նոր չափորոշիչը դպրոցն ավարտողների համար սահմանել է ակնկալվող կարողունակություններ և վերջնարդյունքներ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորումն է. «Ակնկալում ենք, որ, դպրոցն ավարտելուց հետո տիրապետելով այդ կարողունակությանը,  սովորողները նպաստելու են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը»։

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ներուժի բացահայտմանը և համակողմանի զարգացմանը: Այդ նպատակով մարզերում իրականացվում է երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ 4 կենտրոն արդեն գործում են Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և Ապարանում: Եվս երեք կենտրոն առաջիկայում նախատեսվում է բացել Ախուրյանում, Ծովագյուղում և Արարատում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է «Քաղաքացական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում անցկացվող երիտասարդական ցուցահանդեսը՝ որպես ժողովրդավարության մեջ քաղաքացիական ակտիվ մասնակցության հարթակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը ներկաներին՝ որպես հասարակական կազմակերպություններ, կոչ է արել իրենց առաջիկա միջոցառումները նախատեսել այս տարվա երիտասարդական մայրաքաղաք Գավառում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ևս ողջունել է ներկաներին և նշել. «Երիտասարդները բերում են նոր հեռանկարներ և ավյուն՝ ի նպաստ տնտեսական զարգացումների, ժողովրդավարության առաջխաղացման և սոցիալական առաջընթացի: «Քաղաքացական կրթություն և մասնակցություն» ծրագրի նման հարթակները՝ ներառյալ այս ազդեցիկ երիտասարդական էքսպոն, նախաձեռնվել են աջակցելու ձեզ այդ գործընթացում՝ ստեղծելով հնարավորություններ ամրապնդելու ձեր նախաձեռնողականությունը և  ակտիվորեն ներգրավվելու ձեր համայնքներում, կրթօջախներում, ընտանիքներում և այլն»:

Նշվում է, որ ավելի քան 20 ՀԿ-ներ՝ Երևանից, Գավառից, Գորիսից, Եղեգնաձորից, Վայքից, Արմավիրից, Վաղարշապատից, Գյումրուց, Վանաձորից, Ստեփանավանից, Ալավերդուց և Իջևանից, ցուցահանդեսին մասնակցող ավելի քան 200 երիտասարդներին ներկայացրել են նրանց համար նախատեսված իրենց ծրագրերը, ծառայությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների առաջարկները:

Երիտասարդները մասնակցել են երկու պանելային քննարկումների հետևյալ թեմաներով՝ «Ինչպե՞ս ներգրավել երիտասարդներին երիտասարդական ծրագրերում», «Պետական մարմինների, ՔՀԿ-ների և սոցիալական մեդիա հարթակների դերը երիտասարդների քաղաքացիական կրթության և ներգրավվածության գործընթացներում»:

Ծրագրի նպատակն է երիտասարդների և բոլոր դերակատարների հետ համատեղ լուծումներ փնտրել՝ դիմակայելու համար դժվարություններին, որոնց բախվում են երիտասարդները, փոխանակելու համար երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման փորձառությունը, գտնելու համար համագործակցության նոր հնարավորություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am