Հասարակական

Վարչապետը նշեց, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը նշեց, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է Քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ քրեական գործեր են հարուցվում նաև հանկարծամահության դեպքերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն արձանագրումներին, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է։

«Պետք է ասեմ, որ 90 տոկոսանոց աճը պայմանավորված է օրենսդրության մեջ փոփոխության հետ։ Ներկայումս բոլոր հանկարծամահության դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ արդարացված է, որովհետև լինում են այդպիսի դեպքեր, որ շատ նման է հանկարծամահության, բայց հետո քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել։ Բայց դեպքերի մեծ մասով, իհարկե, հերքվում է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը խոստովանեց, որ 27 տոկոսի աճ կա առանձնապես ծանր հանցագործությունների, բայց աճի մի մասն էլ պայմանավորված է օրենսդրական փոփոխությունների հետ։

«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրենք, որ հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է։ Մենք շատ զգայուն ենք նաև զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, որովհետև դա կարող է վատ իմիջ ստեղծել։ Ներքին գործերի նախարարի, ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական մարմինների ներկայացուցիչների հետ ժամանակ առ ժամանակ քննարկում ենք, թե ինչպես հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնենք»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում