Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ 
Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել  հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Ֆրանսիայի անելիքների, պաշտպանության, տնտեսության և մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի մասին, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը՝ երաշխավորելով համապատասխան պայմաններ նրանց անվտանգության և բարեկեցության համար։

-Որպես Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար առաջին անգամ եք այցելում Հայաստան։ Ի՞նչ օրակարգով եք այցելել մեր երկիր։

-Սա իմ չորրորդ, գուցե, նույնիսկ հինգերորդ այցն է Հայաստան։ Այս անգամ Հայաստանի հետ բարեկամության խմբի պատվիրակության այցն է, ուստի ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան՝ որպես բարեկամության խմբի նախագահ: Մեր պատվիրակության կազմում  տարբեր համոզմունքների  և տարբեր խմբակցությունների պատգամավորներ  են ընդգրկված: Մենք ունենք բազմակուսակցական պատվիրակություն, ինչն արտացոլում է բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանին աջակցելու կոնսենսուսը։

HM2_1917.JPG (708 KB)

-Հունվարին  Ֆրանսիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև ընդունեց, որը մի փոքր աննկատ մնաց։ Կմանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ուներ բանաձևը։

-Այո, իսկապես։ Բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից: Այն կոչ է անում Ադրբեջանին  ապահովել  Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։  Բացի այդ,  այն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիան և Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։  

-Նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արվում։

-Այո, նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել։


-Ի՞նչ կարծիք ունեք Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության մասին:

-Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությունը տեղի է ունենում մի քանի մակարդակներում: Առաջին մակարդակը, որը ներկայումս կենդանի քննարկումների առարկա է եւ դիտարկվում է որպես ամենակարեւորը, վերաբերում է Հայաստանի սահմանների եւ նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Պաշտպանության ոլորտում այս համագործակցությունը նկատելիորեն արագացել է վերջին ամիսներին և միաձայն աջակցություն է ստացել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական  խմբում, ինչպես նաև բոլոր կուսակցությունների շրջանում:

Ինձ համար՝ որպես բարեկամության խմբի նախագահ, շատ հուսադրող է նման միակարծությունը պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության վերաբերյալ: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա այն դեռևս չի համապատասխանում Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամությանն ու քաղաքական հարաբերություններին։
Ֆրանսիան ներկայումս Հայաստանի 11-րդ տնտեսական գործընկերն է, սակայն կարեւոր է արագացնել այդ համագործակցությունը: Որոշ ժամանակ առաջ՝ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողության ժամանակ, վարչապետ Փաշինյանի եւ Գաբրիել Ատալի (խմբ․ Ֆրանսիայի վարչապետ) հանդիպման ընթացքում  կողմերը համաձայնեցրեցին երկու տարի առաջ նախագահ Մակրոնի նախաձեռնած «Ֆրանսիայի և Հայաստանի հավակնությունները» նախաձեռնության վերսկսումը: Այս նախաձեռնության կյանքի կոչմանն այժմ ուշադիր հետամուտ ենք լինելու՝ այն խթանելու համար։ Երկու կողմերից էլ կստեղծվեն աշխատանքային խմբեր մեր տնտեսական համագործակցությունը խրախուսելու համար: Դա շատ դրական քայլ է, որ երկու կողմերն էլ հանձնառություն են ստանձնել արագացնել այդ տնտեսական քննարկումները եւ կոնկրետ մեխանիզմներ ներդնել դրանց իրականացման համար:

Արդեն կա մի կառույց, որն աշխատում է այդ ջանքերը համակարգելու ուղղությամբ, և իմ հաջորդ քայլը կլինի այդ համագործակցությունն ամրապնդելու եւ այն առաջ մղելու ուղիները նախարարությունների հետ քննարկելը: Որպես բարեկամության խումբ ՝ մենք նաև ակնկալում ենք պատգամավորների ակտիվ աշխատանքն այս ուղղությամբ։

HM2_1859.JPG (1008 KB)

-Ինչպե՞ս կարող է Ֆրանսիան օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Դիվանագիտության միջոցով։ Դա ակնհայտ է, և Ֆրանսիան շատ բան է արել այդ ուղղությամբ: Ֆրանսիան բանակցություններին մասնակցում է հենց սկզբից։ 2020 թվականից հետո էլ Ֆրանսիան ամեն ինչ արել է, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Սակայն վերջին ամիսներին՝ հատկապես 2023 թվականի սեպտեմբերից, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին հայկական տարածքում տեղի ունեցած միջադեպերից հետո, ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։

 Փաստորեն պարզ դարձավ, որ Ռուսաստանն այլեւս վստահելի դաշնակից չէ Հայաստանի համար։ Այսպիսով, Ֆրանսիան դարձել է առանցքային գործընկեր  Հայաստանի համար ՝ պաշտպանության ոլորտում, ինչը թույլ է տալիս Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերություններ ունենալ իր ագրեսիվ հարևանի ՝ Ադրբեջանի հետ: Ուստի, Ֆրանսիայի դերը կրկնակի է ՝ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին ՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Ինչպես նախագահ Մակրոնն ընդգծել էր դեռ 2020 թվականին, դա նշանակում է ճանաչել ագրեսորին և աջակցել պաշտպանվող կողմին իր պաշտպանողական գործողություններում:

Հենց հիմա շատ նուրբ դիվանագիտական խաղ է ընթանում։ Հայաստանի կողմից հստակ դրսևորվում է Եվրոպային մոտենալու և Ռուսաստանից հեռանալու ցանկությունը։  Հատկապես դրա հետ կապված ՝ Ֆրանսիայի կողմից աջակցության ցանկացած հայտարարություն լարված իրավիճակ է ստեղծում։ Այսպիսով, ինչպես պետք է դիրքավորվել Ռուսաստանի և Հայաստանի միջև այս լարված իրավիճակում:

Փաստորեն Ֆրանսիան աջակցում  է Հայաստանին իր հաստատություններն ամրապնդելու, ժողովրդավարության ճանապարհով առաջ շարժվելու ցանկությունը կյանքի կոչելու հարցում: Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիան Հայաստանի գործընկերն է, քանի որ վերջինս ընտրել է ավելի մեծ ինքնուրույնության ճանապարհը։ Խոսքը ոչ թե Ռուսաստանից կախվածությունը այլ երկրից կախվածությամբ փոխարինելու մասին է, այլ Հայաստանի ՝ իրական ժողովրդավարություն դառնալու կարողությունն ամրապնդելու մասին է՝ բոլոր այն նշաններով, որը դա ենթադրում է, այդ թվում ՝ պաշտպանության ոլորտում։ Իսկապես, Հայաստանը փնտրում է տարբեր գործընկերներ, այդ թվում ՝ պաշտպանության հարցում։ Պետք է իրատես լինել, Ռուսաստանն այլևս Հայաստանի օբյեկտիվ դաշնակիցը չէ։ Նա իր դերը չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, ինչը Հայաստանին դրդել է այլ՝ ավելի վստահելի գործընկերների փնտրել, ինչպիսին է Ֆրանսիան։

HM2_1945.JPG (662 KB)

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա մենք ցանկանում ենք այս հարցերի վրա մեր եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել։ Կարևոր է, որ եվրոպական մյուս երկրները նույնպես օգնության ձեռք մեկնեն Հայաստանին, քանի որ Հայաստանը ձգտում է դառնալ ժողովրդավարություն հանգրվան, և մենք նրան օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում: Հայաստանը պետք է հուսալի գործընկերներ գտնի, և Ֆրանսիան դրանցից մեկն է։

Ոչ թե պարզապես մտերմությունը, այլ գործընկերության հուսալիությունն է այս ամենի հիմնական գործոնը։  Ռուսաստանն աշխարհագրորեն մոտ է Հայաստանին և դեռևս զգալի ազդեցություն ունի այստեղ ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության վրա։

 HM2_1943.JPG (1.03 MB)

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցությունը և ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Ինչ վերաբերում է Հայաստանի  և Ֆրանսիայի տնտեսական փոխգործակցությանը, ապա այն այս պահին համեստ է։ Ինչպես քիչ առաջ ասացի, մենք Հայաստանի 11-րդ  տնտեսական գործընկերն ենք: Չնայած մենք ունենք ամուր բարեկամություն և զգալի աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանին պաշտպանական ոլորտում՝ մեր տնտեսական կապերն ու ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում դեռևս սահմանափակ են: Սա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է արագացնենք մեր ջանքերը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF)  անդամների հետ, ինչը ևս ընդգծում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական գործընկերության զարգացման անհրաժեշտությունը: Կարեւոր է, որ մեր տնտեսական շահերն առաջ տանենք: Վարչապետի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում մեր հանդիպմանը քննարկել ենք նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանի ենթակառուցվածքներում ֆրանսիական ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը և էներգետիկ ոլորտում ֆրանսիական մասնակցության հնարավորությունները:

HM2_1905.JPG (709 KB)
-Կխնդրեի պատմել Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունների մասին:

-Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարի հետ հանդիպել ենք հոկտեմբերի վերջին, եթե ճիշտ եմ հիշում։ Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մի քանի համաձայնագրեր։ Մասնավորապես ՝ Լուվրի թանգարանի և Էրեբունի թանգարանի միջև համաձայնագիրը Լուվրի թանգարանի  արևելյան քրիստոնեական արվեստների նոր բաժնում հավաքածուներ տեղադրելու վերաբերյալ:

Բացի այդ, քննարկումներ են անցկացվել Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնի հետ ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև այս ոլորտում համագործակցություն սկսելու նպատակով։ Անձամբ ես աշխատում եմ Ազգային բալետի և Երևանի Օպերայի միջև արդեն բավականին առաջադեմ համագործակցության վրա՝  համատեղ ներկայացում ստեղծելու նպատակով, որը կբեմադրվի ինչպես Էքս ան Պրովանսում, այնպես էլ Երևանում:  Հայերը նույնպես կներգրավվեն այս նախագծում։ Այդ գործընկերությունների ամրապնդումից հետո մենք կկարողանանք զարգացնել մշակութային այլ համագործակցություններ։ Ես նախատեսում եմ հանդիպել Ֆրանսիայի մշակույթի նոր նախարարի հետ, որպեսզի ամփոփեմ այս գործընկերությունները և համոզվեմ, որ դրանք զարգանում են ըստ ծրագրվածի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am