Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը. Բաղդասարյանը պատասխանել է Բաքվի հայտարարություններին

Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման 
ռազմավարությունը. Բաղդասարյանը պատասխանել է Բաքվի 
հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատասխանել է պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:

Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին:

Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:

Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:

Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am