Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

«Գեղարդ» հիմնադրամը բավականին հավակնոտ նպատակներ ունի․ ԳԱԱ նախագահն ու հիմնադրամի տնօրենը խոսել են ծրագրերի մասին

«Գեղարդ» հիմնադրամը բավականին հավակնոտ նպատակներ ունի․ ԳԱԱ նախագահն ու հիմնադրամի տնօրենը խոսել են ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված «Գեղարդ» հիմնադրամը հետապնդում է բավականին հավակնոտ նպատակներ և նախատեսում է իրականացնել հեռանկարային ծրագրեր

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մամլո ասուլիսում անդրադառնալով նորաստեղծ հիմնադրամի գործունեությանն  ու հետագա անելիքներին՝ նշեց, որ «Գեղարդի» ստեղծման նախադրյալներն առաջացել են դեռ նախորդ տարի, երբ մամուլում գրվեց Ադրբեջանի պաշտոնական նախաձեռնության մասին, ըստ որի՝ հարևան երկրի իշխանությունն ադրբեջանական ակադեմիայի պատմության, արևելագիտության և հնագիտության ինստիտուտներին հանձնարարեց գիտական նախադրյալներ ստեղծել առ այն, թե իբր Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է։

«Առաջացավ հակադարձելու խնդիր, քանի որ մեր գիտական հանրությունը, հատկապես ԳԱԱ հումանիտար և հայագիտական ինստիտուտներն ու առաջադեմ աշխարհի գիտնականները վրդովմունքով ընդունեցին մամուլում հրապարակված տեղեկատվությունը։ Ազգային ակադեմիայում կազմակերպվեց քննարկում, որից հետո ղեկավարությունը համապատասխան գրությամբ դիմեց ՀՀ վարչապետին՝ խնդրելով, որ նման հիմնադրամ ստեղծելու և համապատասխան աշխատանքներ կատարելու հանձնարարական տրվեր ԳԱԱ համակարգում գտնվող մասնագիտացված ինստիտուտներին։,- տեղեկացրեց Սաղյանը։

ԳԱԱ նախագայի խոսքով՝  վարչապետի արձագանքը չուշացավ։ Ի սկզբանե նախատեսված էր գիտահետազոտական աշխատանքները սկսել ծրագրերի ձևով, բայց հետագա քննարկումներից հետո որոշվեց ստեղծել հատուկ կառույց, որն էլ պետք է զբաղվեր վերոհիշյալ հարցով, այսինքն՝ մեր պետության տարածքային պատկանելիությանը, պատմությանը, եկեղեցիներին ու պատմամշակութային արժեքներին վերաբերող հայտարարություններին անմիջապես արձագանքել գիտականորեն հիմնավորված պատասխաններով և դրանք տարածել զանգվածային լրատվամիջոցներով։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ստեղծվել է ԳԱԱ կանոնադրության համաձայն, հոգաբարձուների խորհուրդն արդեն հաստատել է բյուջեն, ընդ որում՝ հիմնադրամի ֆինանսավորումը կարող է կանոնադրության համաձայն տեղի ունենալ և՛ պետական բյուջեից, և՛ այլ աղբյուրներից։ 2023-24 թվականների ֆինանսավորումն արդեն ներառված է ԳԱԱ ընդհանուր նախահաշվում։         

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր հերթին նշեց, որ իրենց հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել ՀՀ գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և բուհերում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։ Հիմնադրամի գործունեությունը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, բուհերի, գիտավերլուծական կենտրոնների ջանքերի զուգակցմամբ։

Հիմնադրամի առաջնահերթ նպատակներից են նաև հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտությունների իրականացումն ու դրանց արդյունքների հանրահռչակումը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացման նպաստումը, վերոհիշյալ բնագավառներում միջազգային համագործակցության զարգացումը՝ այդ թվում հայկական սփյուռքի ներուժի ներգրավմամբ։

«Մենք արտերկրում նույնպես ունենք գիտական մեծ ռեսուրսներ և ներուժ, սփյուռքում գործում են հայագիտական կենտրոններ, տարբեր ոլորտներում ներգրավված են հայազգի բազմաթիվ գիտնականներ, բայցևայնպես առաջացել է միասնական գիտավերլուծական մեկ հարթակ ունենալու անհրաժեշտությունը, որը կարող է միավորել բոլոր գիտնականներին և նպատակասլաց կերպով աշխատել նրանց հետ։ Գործունեության հիմնական նպատակներից մեկն էլ անհրաժեշտ գիտավերլուծական փորձաքննության իրականացումն է, միջազգային և տարածաշրջանային հետազոտական ծրագրերի իրականացումը։ Մեր գերխնդիրներից մեկը պետք է լինի այն, որ չպետք է հենվենք միայն հայկական գիտական ներուժի վրա, այլ փորձենք առավելագույնս ներգրավել նաև տարբեր երկրների գիտնականներին համատեղ միջոցառումներում՝ նրանց հրավիրելով Հայաստան։  Միջոցառումները պետք է նպաստեն մեր գիտական մտքերն ու հետազոտությունները նաև արտերկրում համապատասխան մակարդակներում տարածելուն»,- ասաց Ղազարյանը։

Ըստ նրա՝ այսօր էլ շատ կարևոր են ծանրակշիռ հրատարակություններն ու բարձր որակավորում ունեցող արտասահմանյան տարբեր ժողովածուներում հրապարակված և գիտական շտեմարաններում ընդգրկված հոդվածները, որոնք վերաբերում են հայոց պատմությանը, մեր մշակույթին, նյութական-հոգևոր արժեքներին։ Հրապարակումները կարող են լինել նաև համատեղ աշխատություններ։ Քանի որ նմանատիպ ժողովածուներին հղումներ կատարվում են անհամեմատ շատ, ուստի դա մեզ համար կարող է բավականին նպաստավոր հարթակ դառնալ։

Ղազարյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է միջգիտակարգային պարբերական գիտաժողովների, դասընթացների և աշխատաժողովների, գիտահանրամատչելի հեռուստահաղորդումների կազմակերպումը, ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածների հրապարակումը, քանի որ մեր հասարակության զգալի մասը Հայաստանի և տարածաշրջանի պատմության մասին ունի մակերեսային պատկերացում։ Նրա համոզմամբ՝ պետք է անպայման խոսել կարծրատիպերի մասին և բացատրել, որպեսզի հասարակությունը գոնե ինֆորմացիայի տեսանկյունից լինի իրազեկված։

«Պատմագիտական, քաղաքական տնտեսական, բնապահպանական և այլ թեմաներով հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացումը նույնպես հիմնադրամի առաջնային նպատակներից է, որն իրականացնելու է նաև գիտավերլուծական գործունեություն, ինչը լինելու է հիմնադրամի գերակա ուղղություններից մեկը և նպաստելու է ներհայաստանյան ու միջազգային գիտական համագործակցությանը՝ ապահովելով մասնագիտական տեղեկատվության տարածում։ Շատ կարևոր է նաև հակադարձումը տարածաշրջանի պատմության խեղաթյուրման քաղաքականությանը, հակահայկական քարոզչությանը, ինչով ինտենսիվորեն զբաղվում են մեր հարևաններից ոմանք՝ յուրացնելով բնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը հնարավոր բոլոր միջոցներով։ ԳԱԱ ինստիտուտները և բուհական գիտնականներն, իհարկե, բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացնում՝ այդ ամենին հակազդելու նպատակով, բայցևայնպես դա դեռևս բավարար չէ, ուստի կա նշված աշխատանքները մեկ միասնական հարթակում մեկտեղելու անհրաժեշտություն»,- եզրափակեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրենը։       

 

     

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am