Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Տպավորված եմ` տեսնելով Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշները. ԱԶԲ նախագահ

Տպավորված եմ` տեսնելով Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշները. 
ԱԶԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանում միջին գնաճը 2023 թվականին կլինի 2.6 տոկոս՝ դա համարելով ցածր ցուցանիշ՝ 2022-ի 8.6 տոկոսի նկատմամբ: Ասիական զարգացման բանկում Հայաստանի տնտեսական ցուցանիշների առումով հաջողության կարևոր գրավականներից մեկը համարում են համակարգային բարեփոխումների իրականացումը:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան, որը երկօրյա այցով Հայաստանում է նոյեմբերի 27-ից:

 

-Պարոն Ասակավա, նախ խնդրում եմ ներկայացնել Հայաստան Ձեր այցի նպատակը, ի՞նչ հանդիպումներ և նոր համաձայնագրեր կարելի է ակնկալել:

-Հայաստան մեր այցը բազմակողմանի և համապարփակ օրակարգ ունի: Մեր նպատակն է ամրապնդել համագործակցությունը և սատարել երկրում իրականացվող ընթացիկ ծրագրերին, ուսումնասիրել գործընկերության նոր հնարավորությունները և հանդիպումներ ունենալ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մեր այցի ընթացքում արժանացել ենք բարձրաստիճան պետական այրերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախագահի հետ հանդիպումների պատվին: Ամենակարևոր իրադարձություններից մեկը Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի համար վարկային համաձայնագրի ստորագրումն էր, որի շրջանակներում 1.8 կմ ճանապարհ և կամուրջ կկառուցվի Հրազդան գետի վրա: Սա էականորեն կբարելավի միակցվածությունը, կնվազեցնի երթևեկության խցանումները և կընդլայնի կանաչ տարածքները Երևանի բնակիչների համար:

Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը (YUDIP) համապատասխանում է Հայաստանի կողմից կլիմայի փոփոխության առումով սահմանած նպատակներին և Փարիզի համաձայնագրին, և մենք ոգևորված ենք այս և միակցվածության բարելավման, արտադրողականության խթանման և, ի վերջո, աղքատության կրճատմանն ուղղված Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) այլ ընթացիկ ծրագրերի հեռանկարների կապակցությամբ: Մենք անհամբերությամբ սպասում ենք սահուն իրականացման ապահովման ուղղությամբ համագործակցությանը:

 

-Ի՞նչ ծրագրեր է ներկայումս իրականացնում Ասիական զարգացման բանկը Հայաստանում և որքա՞ն է կառավարությանն ու առհասարակ երկրին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

-2005թ. Ասիական զարգացման բանկին միանալուց ի վեր բանկը սատարել է Հայաստանին` տնտեսության բազմազանեցման և տնտեսական աճից օգտվելու միջոցով բոլոր հայերի համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու գործում:

Մեր գործընկերության սկզբից ի վեր ԱԶԲ-ն 1.8 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ֆինանսական աջակցություն է տրամադրել` սատարելով տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային ենթակառուցվածքների ոլորտներում կառավարության սահմանած առաջնահերթություններին:

Ներկայումս ԱԶԲ-ն կառավարության հետ իրականացնում է ընդամենը 525 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով վեց ծրագիր` տրանսպորտի և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Այս նախաձեռնություններն օգնում են դեպի ծով ելք չունեցող Հայաստանին բարելավել իր տարածաշրջանային և միջազգային միակցվածությունը, ինչը կխթանի աճն ու զարգացումը: Երկրի հետ գործընկերության նոր ռազմավարության ներքո ԱԶԲ-ն կշարունակի սատարել Հայաստանի տարածաշրջանային համագործակցությանն ու ինտեգրմանը:

Մասնավոր հատվածում մեր պորտֆելը կազմում է ավելի քան 230 միլիոն ԱՄՆ դոլար և ներկայանում է էներգետիկայի, ֆինանսների և գյուղատնտեսական ոլորտներում: Հետագայում ԱԶԲ-ն կշարունակի ընդլայնել իր գործառնությունները մասնավոր հատվածում և առավելագույնի կհասցնի պետական և մասնավոր հատվածներում գործունեության սիներգիաները:

 

-Որո՞նք են Ասիական զարգացման բանկի կանխատեսումները 2023թ. Հայաստանի տնտեսական աճի և գնաճի վերաբերյալ, ինչպե՞ս է ԱԶԲ-ն գնահատում Հայաստանում տնտեսական իրավիճակն առհասարակ: Ո՞ր գործոններն են մեծապես ազդել այդ կանխատեսման վրա: Որո՞նք են 2024թ.-ի համար կանխատեսումները:

-Գովելի է ՀՀ կառավարության կողմից 2022թ. տպավորիչ տնտեսական աճի ապահովումը` չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին: Ես նաև տպավորված եմ` տեսնելով 2023թ. աճի բարձր ցուցանիշները: Այս տարվա աճի մեր ամենավերջին կանխատեսումը 7% է, ինչն, իմ կարծիքով, համապատասխանում է կառավարության թիրախին:

Ինչ վերաբերում է տարեկան միջին գնաճին, այս տարվա համար մեր կանխատեսումը 2.6% է, ինչը բավականին ցածր ցուցանիշ է` 2022թ. համեմատ, երբ գնաճը հասել էր 8.6%-ի: Այս նվազումը մասամբ պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող պրոակտիվ դրամավարկային քաղաքականությամբ:

Այս հաջողության կարևոր գրավականներից մեկը համակարգային բարեփոխումների իրականացումն է: Կառավարությունը մի քանի, այդ թվում` հանրային կառավարման, տեղական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ֆինանսների կառավարման, հարկային վարչարարության և թվայնացման ոլորտներում բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի:

Մասնավոր հատվածի զարգացումը և երկրի ներսում ռեսուրսների համախմբումը նույնպես առանցքային կարևորություն ունեն տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման առումով: Ես ուրախ եմ նկատել, որ կառավարությունը շարունակում է կարևորել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ներդրումները, ինչն առանցքային նշանակություն ունի երկարաժամկետ կտրվածքով կայուն աճի և այս աճի` ավելի մեծ ներառականությունն ապահովելու համար:

 

-Քանի որ Ասիական զարգացման բանկը և ՀՀ կառավարությունը միասնաբար աշխատում են` ձևակերպելու Հայաստանի հետ գործընկերության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է երկրի հետ գործընկերության նոր ռազմավարությունը սատարելու կառավարությանը` զարգացման առաջնահերթությունների ձեռքբերման ուղղությամբ:

Մենք պատրաստ ենք սատարել Հայաստանին` իր երկարաժամկետ զարգացման նպատակների ձեռքբերման գործում: Մեր նպատակն է օգնել Հայաստանին` կառուցել արտահանումներին միտված, գիտալիքահեն և ներառական տնտեսություն:

Այս պահին վերջնականացնում ենք երկրի հետ գործընկերության մեր նոր՝ 2024–2028թթ. ռազմավարությունը (ԵԳՌ), որը պլանավորում ենք ներկայացնել ԱԶԲ Տնօրենների խորհրդին 2024թ. հունվարին: ԵԳՌ-ն համապատասխանում է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությանը և 2021–2026թթ. կառավարության ծրագրին:

Ռազմավարության միջոցով նպատակ ունենք օգնել Հայաստանին` մեծացնել մասնավոր հատվածի գլխավորությամբ նախատեսվող աճը` աղքատության և անհավասարությունների կրճատման և միակցվածության և արտադրողականության բարելավման վերջնանպատակներին հետամուտ: Այս նպատակներին կարելի է հասնել` նոր աշխատատեղեր ստեղծելով, կառավարումը լավարկելով և բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելով: ԱԶԲ-ն կշարունակի սատարել ՀՀ կառավարության` գենդերային հավասարությունը և գենդերային տեսանկյունից ներառական աճը խթանելու ջանքերին` նպաստավոր միջավայրի հետագա բարելավման և կանանց կարողությունների բարձրացման միջոցով: Մենք նաև նպատակ ունենք օգնել բարելավել կրթության և առողջապահության որակը և անդրադառնալ կլիմայական և աղետների ռիսկերին:

 

-Ի՞նչ նոր ծրագրեր է պատրաստվում Հայաստանում իրականացնել Ասիական զարգացման բանկը, ո՞ր ոլորտներում և ի՞նչ արժողությամբ:

-Վերջերս Ասիական զարգացման բանկը Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համար հաստատել է լրացուցիչ 72.3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորումը, որը սատարում է Հայաստանում 46 դպրոցների սեյսմիկ անվտանգությանն ու դիմակայունությանը: Ծրագիրն առանցքային կարևորություն ունի երկրի` Դպրոցների հզորացման և արդիականացման ծրագրի և Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության համար: Այս աջակցությունը ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի` Հայաստանի երեխաների համար ապահով և դիմակայուն ապագա երաշխավորելու հանձնառության հավաստիքն է:

Որպես Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կլիմայական խնդիրների արձագանքման գործողություններին սատարող բանկ` մենք օգնում ենք Հայաստանին նաև մեղմել և հարմարվել կլիմայի փոփոխությանը: Այսօր բարձրաստիճան ղեկավարության անդամների հետ միասին ես ներկա եմ գտնվել ԱԶԲ-ի նոր զեկույցի ներկայացման միջոցառմանը, որն ուսումնասիրել է Հայաստանի` կլիմային հարմարվողականությունը հարկաբյուջետային պլանավորման մեջ ներառելու հնարավորությունները: Մենք նաև առաջարկ են պատրաստում, որը կօգնի բարելավել պարենային անվտանգությունը խոցելի համայնքների համար` նրանց տրամադրելով կլիմայազգայուն էներգետիկ լուծումներ, որոնք կօգնեն նվազեցնել կախվածությունը ազգային էլցանցից: Տեխնիկական աջակցության միջոցով մենք օգնում ենք Հայաստանին ինստիտուցիոնալ գիտելիք ձևավորել, որն անհրաժեշտ է Փարիզի համաձայնագրի ներքո ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման համար:

ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է հայաստանյան իր գործընկերների հետ` կայուն զարգացման ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու, թվային օրակարգն առաջ մղելու, հարկաբյուջետային կարիքները բավարարելու և մասնավոր հատվածի գործընկերությունները խթանելու գործում: Սա վերահաստատում է այս պետությունում զգալի աճի և մեր խոստումնալից գործընկերության ներուժը:

 

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am