ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը մտել է Պարսից ծոցի ջրեր
2 րոպեի ընթերցում
![ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը մտել է Պարսից ծոցի ջրեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1124988.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը մտել է Պարսից ծոցի ջրեր՝ ապահովելու նավարկության ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Նոյեմբերի 26-ին «Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբն ավարտել է անցումը Հորմուզի նեղուցով՝ մտնելով Պարսից ծոցի ջրեր... Պարսից ծոցում գտնվելու ընթացքում հարվածային խումբը պարեկություն կիրականացնի՝ ապահովելու նավարկության ազատությունն առանցքային միջազգային ջրուղիներում և միևնույն ժամանակ կաջակցի տարածաշրջանում CENTCOM-ի ջանքերին», - հայտնել է գերատեսչությունը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԻՊԲ-ն վստահ է՝ սպառնալիքի հայտնվելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է գործի դնել Միջերկրական ծովի արևելյան մասում տեղակայված երկու ավիակիր հարվածային խմբերը։
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածէ ուղարկել «Դուայթ Էյզենհաուեր» և «Ջերալդ Ֆորդ» ավիակիրների գլխավորած հարվածային խմբերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող հակամարտության կապակցությամբ: