Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բելգիացի մանկավարժների համար կազմակերպվել է Հայոց ցեղասպանության մասին դասավանդման ուսումնական օր

Բելգիացի մանկավարժների համար կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 
մասին դասավանդման ուսումնական օր

ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի թագավորության Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի նախարարությունում «Ժողովրդավարություն կամ բարբարոսություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Հայոց ցեղասպանությունը երեկվա եւ այսօրվա միջեւ. Ինչպես դասավանդել այն» թեմայով ուսումնական օր։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վալոնիա-Բրյուսել Ֆեդերացիայի կրթական համակարգող բաժինն ուսումնական այս օրն իրականցրել է ուժերը միավորելով Բրյուսելի Ազատ Համալսարանի Քաղաքական կյանքի ուսումնասիրության կենտրոնի (Cevipol – ULB), Բելգիայի հայկական սոցիալ-մշակութային կենտրոնի՝ Հայ տան, որը նախարարության կողմից ճանաչվել է որպես Ցեղասպանության հիշողության եւ կանխարգելման կենտրոն եւ Հայ բարեգործական ընդհանուր միության։

«Այս նախաձեռնությունն առաջին անգամ կյանքի կոչվեց 2018 թվականին։ Այն ժամանակ ուսումնասիրեցինք պատմության դասագրքերը եւ տեսանք, որ Հայոց Ցեղասպանության մասին գրեթե բան չկա․ այն հիշատակվում է մեկ նախադասությամբ առաջին աշխարհամարտի համատեքստում։ Հետեւաբար մեր խնդիրն էր հասկանալ, թե ինչի կարիք ունեն բելգիացի մանկավարժները 14-16 տարեկան աշակերտներին Հայոց Ցեղասպանությունը դասավանդելու համար։ Հասկացանք, որ գործիքակազմն է բացակայում։ «Խոստում» ֆիլմը մանկավարժական գործիքակազմի վերածեցինք, որ պատանիներին հետաքրքիր լինի։ Կարծեք թե դա աշխատեց։ Այս տարի վաթսունից ավել մանկավարժի ներկայությունը խրախուսիչ է», - ասում է Հայ տան տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Թադեւոսյանը։

Ուսումնական օրվա նպատակն էր մասնակիցներին ներկայացնել թեմայի վերաբերյալ գիտելիքների վիճակը եւ նրանց առաջարկել Հայոց ցեղասպանության պատմության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հակամարտության վրա դրա ունեցած հետեւանքների ավելի լավ ուսուցման բանալիներ: Նախաձեռնությունը լավ հնարավորություն էր առերեսվելու շատ հարցերի հետ, ինչպես նաեւ լսելու հայտնի ակադեմիկոսների կարծիքները, որոնք կարող են խթանել առկա կրթական ռեսուրսների ճիշտ օգտագործումը։

Ուսումնական օրվա առաջին հատվածում հիմնական բանախոսներն էին Ֆրանսիայից պատմաբան, ակադեմիկոս Կլեր Մուրադյանը, Բելգիացի պրոֆեսոր Ջոել Կոտեկը եւ Ժնեւից ակադեմիկոս, հետազոտող Վիգեն Չեթերյանը։

Օրվա երկրորդ կեսին ներկայացվեցին առկա գործիքակազմը եւ գրականությունը, որոնք կարելի է օգտագործել Հայոց ցեղասպանությունը դասավանդելու համար։ Ուսումնական օրվան մասնակցում էին Բելգայի տարբեր կրթական հաստատություններից մի քանի տասնյակ մանկավարժներ։

Լյուվենի համալսարանում աշխարհաքաղաքականության դասախոս, ինչպես նաեւ միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վանսեն Գաբրիելը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ուսումնական այս օրն իրեն տվեց պատմագիտական ամուր ուղեցույցներ։ «Պատմաբանների, փորձագետների ներկայությունը, ինչպես նաեւ արվեստի կիրառումը հնարավորություն են տալիս լույս սփռել Ցեղասպանության տարբեր կողմերի վրա եւ ուսումնասիրել այն իր ողջ բարդությամբ», - ասել է բելգիացի մանկավարժը։

Նրա խոսքով՝ պատմության և քաղաքագիտության գիտաժողովները շատ են, բայց հազվադեպ է ներկա գտնվել գիտական ​​միջոցառման, որը փորձում է տրամադրել բանալիներ, բայց նաև անդրադառնալ միջնակարգում պատմության դասավանդման շրջանակներին եւ սահմաններին:

«Մենք որոշեցինք կազմակերպել այս ուսումնական օրը՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելով 1915 թվականին թուրքական վարչակարգի կողմից հայերի Ցեղասպանությունը ուսուցանելու ձեւի վրա, ինչպես նաեւ ցանկացանք, որ այս օրը զգայունություն առաջացնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ։ Կարող ենք ասել, որ սա 1915 թվականի Ցեղասպանության հետ կապված ժխտողականության եւ ներկա իրադրության միջեւ առկա կապերի վերաբերյալ մտորումների նախաձեռնում էր։ «Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիան զգույշ է, որ այս պարտավորությունը չընկալվի որպես որևէ «պետական ​​պատմական ճշմարտության» ամրագրում, «ընդհակառակը, Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիան իր աշխատանքը տեսնում է մարդկության պատմության մութ ժամերի քննադատական ​​հարցաքննության գործընթացի հետ կապի մեջ: Իրոք, պատմության ողբերգական իրադարձությունների հիշատակման այս պահերին է, որ մենք հասկանում ենք հիշողության գործում խիստ պատմական մոտեցման ողջ կարեւորությունը: Այս տեսանկյունից է, որ հիշելը իմաստ ունի, հիմնականում, եթե հարցադրումը վերաբերում է նաև մեր այսօրվա հասարակություններին եւ մեզ կոչ է անում զգոնության և ներգրավված քաղաքացիության», - նշել է ծրագրի պատասխանատու Իռենա Դ'Ալոիսիոն։

Կարեն Թադեւոսյանն, ամփոփելով ուսումնական օրն, ընգդծում է, որ այս անգամ հասկացան, որ կարեւոր հարց է դպրոցներում թուրք աշակերտների ներկայությունը։ «Պետք է գտնել Հայոց ցեղասպանությունը դասավանդելու ճիշտ ճանապարհը, որպեսզի ամբողջ կյանքում հակառակը լսելով մեծացած թուրք աշակերտների համար թեման շոկային չլինի։ Հիմա պետք է այդ ուղղությամբ աշխատենք եւ, հաշվի առնելով ներկա իրավիճակը, մեզ համար հրամայական է Լեռնային Ղարաբաղի հարցը կապել Ցեղասպանության հետ, որպեսզի ամեն ինչ ավելի ճիշտ հասկացվի»,- հավելում է Թադեւոսյանը։

1994 թվականից ի վեր, «Ժողովրդավարություն կամ բարբարոսություն» արշավով եւ իր կրթական համակարգող բաժնի ստեղծմամբ Բելգայի ֆրանսախոս համայնքը եղել է հիշատակի մոտեցման մաս եւ շարունակում է նմանատիպ ուսուցման օրերով բելգիացի հասարակությանը տեղեկացնել ամենազգայուն հարցերի շուրջ՝ հնարավորություն տալով դրանց մոտենալ այլ տեսանկյուններից։

 

Լիլիթ Գասպարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am