Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Վահե Հովհաննիսյանը շրջանառության հարկը չեղարկելու կամ դրա փոխարեն ավելի լավ համակարգ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում

Վահե Հովհաննիսյանը շրջանառության հարկը չեղարկելու կամ դրա փոխարեն 
ավելի լավ համակարգ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շրջանառության հարկը չեղարկելու կամ դրա փոխարեն ավելի լավ համակարգ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում, ինչը փոքր և միջին ձեռնարկություններին զարգանալու ավելի լավ հնարավորություններ կտա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը անհրաժեշտ է համարում ապահովել հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազումը, և շրջանառության հարկի գրավչության նվազման միջոցով հարկային համակարգը խեղաթյուրող բոլոր գործոնների վերացումը։

«Մեր նպատակն է փոքրացնել այս հարկատեսակի կամ ռեժիմի գրավչությունը։ Այդ նպատակով տարբեր միջոցներ ենք ձեռնարկել։ Օրինակ` փաստաթղթավորման պահանջը պարտադիր ենք դարձրել։ Առաջիկայում հանդես կգանք նաև առաջարկով, որ կմեծացնենք փաստաթղթավորում իրականացնելու խթանները տնտեսվարողների համար` նպատակ ունենալով այս համակարգը դարձնել ավելի քիչ արտոնյալ»,– ընդգծեց նա։

Նախարարի խոսքով` նաև մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար կստեղծեն պայմաններ զարգանալու ու նորարարությամբ զբաղվելու։

«ՓՄՁ–ները կարող են արագ զարգանալ, երբ նորարարությամբ են զբաղվում։ Այս համակարգը թույլ չի տալիս զարգանալ, քանի որ այն շեմը, որը կա, դա մեծ սթրես է ձեռնարկության  համար, և կուզենայինք, որ այդ տարբերությունը կամաց–կամաց փոքրանա, գրավչությունը` ևս։ Ինչ–որ ժամանակ, հիմա կոնկրետ որևէ պլան, իհարկե, չունենք, այս համակարգը պետք է չեղարկենք կամ, գուցե, դրա փոխարեն առաջարկեք ավելի լավ համակարգ»,– եզրափակեց Հովհաննիսյանը։

Շրջանառության հարկը շրջանառության հարկ վճարողների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է: Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:  Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին: Շրջանառության հարկ վճարողներ կարող են համարվել նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 115 միլիոն դրամը չգերազանցած ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետներում՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ժամկետներում ներկայացնելու պարագայում։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am