Հասարակական

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ: Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մենք Հյուսիս-հարավի կառուցման մասով ունենք լուրջ առաջընթաց: Վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագիրն Ագարակ-Քաջարան հատվածի շինարարության համար, որը կիրականացնի իրանական ընկերություն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են եղել Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված, մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշ տարընթերցումներ են եղել միջազգային գործընկերների հետ: Դրա պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում պլանավորված ժամանակացույցով:

«Բայց մենք հիմա բանակցությունների մեջ ենք: Հույս ունենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ պայմանավորվածությունը նախնական է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում