Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի. ՀՀ վարչապետ

Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ Այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների պարագայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Ռուսաստանը չեն իրականացրել այն գործողությունները, որոնք նկարագրված են ՀԱՊԿ կանոնադրությունում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով հարցին, թե «Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից», վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք, և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին,  2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:  

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները  դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»:

«Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նկարագրած դեպքերի շրջանակներում Հայաստանն այդ առավելությունները, ցավոք, չի տեսել:

«Արդյոք սա նշանակում է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից» հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանը նման հարց չենք քննարկում: «Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

Նկատելով, որ ՌԴ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Մեդվեդևը, իսկապես վիրավորական բառամթերք են օգտագործել Փաշինյանի հասցեին և հեղաշրջման կոչ արել, Յարոսլավ Տրոֆիմովը հարցրել է. «Ինչպե՞ս եք պատասխանել այս ամենին, և, ըստ Ձեզ, Ռուսաստանում Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Գիտեք, ես դրան, եթե չեմ սխալվում, հենց որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել և չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ-որ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ: Բայց նաև ակնհայտ է, որ Ձեր նշած այդ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերի պատասխանները պետք է գտնել, որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կամ եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը շատ կանոններ է խախտում, սկսած՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու և դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի է նման ձևակերպումը, նման խոսակցությունը և նման դիրքավորումն այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետ, այնուամենայնիվ, բավականին երկար ժամանակ աշխատել են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am