Միջազգային

Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը՝ չնայած Կարմիր խաչի կոչերին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը՝ չնայած Կարմիր խաչի կոչերին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակման հումանիտար դադար չի լինի մինչև ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված բոլոր պատանդները ազատ չարձակվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Իսրայելի հայտարարությունից առաջ Կարմիր խաչը կոչ էր արել թույլ տալ վառելիքի մուտքը Գազայի հատված, որպեսզի գերծանրաբեռնված հիվանդանոցները «չվերածվեն դիահերձարանների»։

Իսրայելի կողմից պաշարման պատճառով Գազայի միակ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, իսկ հիվանդանոցներում սպառվում է վառելիքը, ինչի հետևանքով նաև անհնար է դառնում գեներատորներով էլեկտրաէներգիա ստանալը։

«Գազայում էլեկտրաէներգիայի սպառման հետ մեկտեղ հիվանդանոցները զրկվում են էլեկտրական հոսանքից․․․ Կա վտանգ, որ առանց էլեկտրականության՝ հիվանդանոցները կվերածվեն դիահերձարանների», - հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին՝ շեշտելով, որ դա վտանգի տակ է դնում նորածինների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց կյանքը։

Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, որ պաշարումը չի դադարեցվի, չեն վերականգնվի Գազայի էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, և «վառելիքի ոչ մի մեքենա չի մտնի այնտեղ, մինչև Իսրայելի պատանդները տուն չվերադառնան»։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի, ավելի քան 5000 մարդ վիրավոր է։

Առնվազն 150 իսրայելցի և օտարերկրացի պատանդ է տարվել Գազա։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մտադիր է նրանց փոխանակել ԱՄՆ-ի բանտերում գտնվող պաղեստինցիների և Իսրայելում բանտարկված բոլոր արաբների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում