Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել. 14-ը Երևանում է, 24-ը՝ ՀՀ մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայաստանի տարբեր բուժհաստատություններում առողջությունը վերականգնող անձանց, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, նա ընդգծեց՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ նրանց թիվը 278 է:

«95 բուժառուի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Միջին ծանրության հիվանդներ կան անչափահասների շրջանում. 7 երեխա շարունակում է իր բուժումը»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց՝ շարունակվում է կցագրումը առողջապահության առաջնային հաստատություններում՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում: «Հոկտեմբերի 9-ի դրությամբ այդ թիվը կազմում է 16 հազար 448. մարդկանց գրեթե 16, 5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում»,-շեշտեց Բաղդասարյանն ու հիշեցրեց՝ առողջապահության հետ կապված բոլոր խնդիրները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ լուծում են պետական պատվերի շրջանակներում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում