Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Լեհաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Լեհաստանը  մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի 
տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված  մարդասիրական բեռը հասել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին   Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք  և այլն:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց  ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ քայլեր են ձեռնարկել` ապաստան, բժշկական օգնություն և ֆինանսական աջակցություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, այս երևույթի մասշտաբն այնքան մեծ է, որ այլ երկրներ ևս օգնության են հասնում: Մենք ցանկանում ենք ցույց տալ Լեհաստանի աջակցությունը Հայաստանին այս դժվարին իրավիճակում»,-ասաց Գերվելը:

Նրա խոսքով՝  Լեհաստանի կողմից տրամադրված  օգնությունը ներառում է 10 տոննայից ավելի սննդամթերք, ծածկոցներ և 200 շարժական մահճակալ՝ իրենց օժանդակ պարագաներով: 

«Ի պատասխան Երևանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կոչի՝ ԼՂ-ից փախստականների հրատապ կարիքների համար Լեհաստանը նվիրաբերում է 200 հազար դոլար»,-հայտնեց Լեհաստանի փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ Լեհաստանը և Հայաստանը սերտ հարաբերությունների երկար պատմություն ունեն, և չէին կարող գործնական  օգնություն չցուցաբերել։

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 630 անձ արդեն ժամանել է Հայաստան, և նրանց 98 տոկոսը արդեն իսկ պաշտոնական հաշվառում են անցել։ Նրա խոսքով՝  գույքագրվել են նրանց կարիքները, որոնց լուծման ուղղությամբ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել և շարունակելու է իրականացնել։

«Բնականաբար, այս հարցում կարևոր է նաև մեր գործընկերների օժանդակությունը՝ հումանիտար աջակցության տեսքով: Նշեմ, որ տարբեր երկրներից արդեն իսկ ունեցել ենք հայտեր, որ մեր գործընկերները պատրաստակամ են ցանկացած կարիքի դեպքում արձագանքել և իրենց լուման ներդնել մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար, և Լեհաստանն առաջին պետություններից է եղել»,-մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ հումանիտար բեռը պահեստներ տեղափոխվելուց հետո «Հումանիտար կենտրոն»-ից ստացված ազդակների հիման վրա կբաշխվի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի հավասարության  սկզբունքներով բավարարվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am