Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին

Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԼՂ դեմ 
Ադրբեջանի ռազմական գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը հիշեցնում է, որ 2021-ին նախագահ Բայդենը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Անատոլիայում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող իրենց հողերից հայերի արտաքսումը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների մեկ դար շարունակվող լռությունը այս հարցի շուրջ տխուր հետևանքներ է ունեցել:

«Այսօր հայերը համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՝ Բայդենի կարիքն ունեն, որպեսզի կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է անցյալ ձմռանը և այժմ ավելի դաժան փուլ է թևակոխում:

Սեպտեմբերի 19-ին, ամիսներ տևած շրջափակումից և Ադրբեջանի տարածքում գտնվող հայաշատ  Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով ռազմական կուտակումներից հետո, ադրբեջանական զինուժը հարձակման է անցել: Օրվա ընթացքում ադրբեջանական զորքերը արագորեն կոտրել են տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Կարճ ժամանակ անց անկայուն զինադադար է հայտարարվել»,- ասված է նյութում:

Նշվում է, որ ռմբակոծությունների դադարեցման դիմաց Ադրբեջանը պահանջել է Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարության կապիտուլյացիան և Արցախի իշխանությունների զինված ուժերի զինաթափումը:

«Քանի որ Ադրբեջանի հաղթանակն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, Լեռնային Ղարաբաղի տասնյակ խաղաղ հայեր հավաքվել էին Ստեփանակերտի օդանավակայանում՝ ձգտելով լքել իրենց նախնիների հողերը:

Նրանք լիովին իրավունք ունեն զգուշանալ հաջորդ քայլերից, որոնք կարող է ձեռնարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ հաղորդակցությունը: Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, լսելով երկու կողմերի փաստարկները, վճռել է, որ շրջափակումը «իրական և անխուսափելի սպառնալիք» է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության առողջության և կյանքի համար»,- ասված է թերթում:

Վերլուծության մեջ հիշեցվում է, որ շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր հրամանը կատարելու փոխարեն, Ադրբեջանի անվտանգության ուժերը հունիսին կրկնապատկում են իրենց ջանքերը՝ ամբողջությամբ մեկուսացնելով անկլավը՝ կանխելով անգամ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների առաքումը: Հեղինակն ընդգծում է, որ այդ ժամանակվանից ի վեր Ալիևը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ կատարելու դատարանի որոշումը: Նշվում է՝ Ադրբեջանը հասկացել է, որ իր գործողությունների համար միջազգային հանրության կողմից լուրջ պատասխանատվություն չի կրի:

«Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ էթնիկ զտումներ չի իրականացնում և հավաստիացրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարգավաճում կբերի տարածաշրջանին:

Բայց այս հռետորաբանությունն անհամոզիչ է հնչում՝ հաշվի առնելով այն, ինչ արդեն արվել է: Եվ Ադրբեջանի հավակնությունները տարածվում են Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս: 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար խոսում էր Հայաստանի մասին որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ընդհանուր առմամբ ոչ լեգիտիմ պետություն է: Դեկտեմբերին նա հայտարարել է, որ ներկայիս Հայաստանը Ադրբեջանի հողն է»,- ասված է թերթում։

Օկամպոն ընդգծում է, որ աշխարհը պետք է այդ հանցագործությունը կոչի այնպես, ինչպես կա: նշվում է, որ «Ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը դիմադրելը միջազգային գործերում վաղեմի խնդիր է եղել: Նյութում հիշեցվում է, որ 1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվել է Ռուանդայում տեղի ունեցած զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն: Նշվում է՝ 30 տարվա ընթացքում քիչ բան է փոխվել:

«Վերջին անգամ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ալիևի շրջափակումը բազմիցս կոչվել է «հումանիտար իրավիճակ», և առաջարկվել է շարունակել բանակցությունները:

Այսօր, ինչպես միշտ, աշխարհաքաղաքականությունը բացատրում է աշխարհի զսպվածությունը: Ադրբեջանը դաշնակից է Արևմուտքի հետ Իրանի դեմ, այն էներգիա է տրամադրում Եվրոպային և միլիոններ է ծախսում իսրայելական ժամանակակից զենքերի վրա: Բայց նման պահանջները չպետք է խոչընդոտեն աշխարհի պատասխանատվությանը՝ դադարեցնելու այն, ինչ կատարվում է նրա աչքի առաջ՝ 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է թերթում:

Օկամպոն Բայդենի 2021-ի որոշումը ճիշտ է համարել և կոչ է արել այսօր էլ օգնել կանխել պատմության կրկնությունը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]