Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ադրբեջանը սկսել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան. Փաշինյան

Ադրբեջանը սկսել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային 
օպերացիան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու իր կոնկրետ գործողությունները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է ԼՂ ամբողջ տարածքի հրետակոծություն, որոշ ժամանակ անց սկսել է նաև գործողություն՝ ԼՂ-ի շփման գիծը խախտելու և ԼՂ-ում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:

«ԼՂ-ի հետ մենք, իհարկե, կապի մեջ ենք, թեև կապի որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբում ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը նաև իրականացնում է գործողությունների տեղեկատվական ուղեկցում: Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես ՌԴ-ին: Իհարկե, սա Ադրբեջանի տեղեկատվությունն է: Սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ նաև չի կարելի ասել, թե այս իրադրությունն անկանխատեսելի էր, հայկական կողմը տեսել է իրադրության լարումը:

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել անմիջապես, քննարկվել է իրադրությունը:

«Այսպիսով, Ադրբեջանն, ըստ էության, մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Ինչպես ԱԳՆ հայտարարության մեջ նշված է՝ մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ-ի խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, երկրորդը՝ ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես միջոցներ ձեռնարկի»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ ցավոք այս ընթացքում արդեն եղել են մեկնաբանություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ:

«Սակայն ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել: Եվ մեր մշտական խնդիրը եղել ու շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովումը, դա է մշտապես եղել մեր օրակարգում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տարօրինակ համարեց Ադրբեջանի հայտարարությունը, թե իբր մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար: Սա, ըստ վարչապետի, էթնիկ զտումների ուղիղ գործողություն է:

«Եթե իրենք հայտարարում են, թե տեղի է ունենում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն», և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իրենք հայտարարում մարդկանց՝ ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե իրենց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պետք է հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել: Այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,-ընդգծեց վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am