Միջազգային

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան եռակողմ հանդիպումից առաջ անվտանգության ոլորտում նոր համաձայնության են եկել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան եռակողմ հանդիպումից առաջ անվտանգության ոլորտում նոր համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան անվտանգության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն, ըստ որի՝ երեք երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն Խաղաղ օվկիանոսում անվտանգային ճգնաժամի կամ սպառնալիքի դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին։

Խորհրդակցելու պարտավորության մասին հայտնի է դարձել երեք երկրների ղեկավարների հանդիպումից առաջ, որը սպասվում է օգոստոսի 18-ին՝ քիչ ավելի ուշ։

Ըստ Սպիտակ տան վարչակազմի պաշտոնյայի՝ համաձայնությունը չի խախտում յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ պաշտպանվելու միջազգային օրենքի համաձայն, ինչպես նաև չի փոխում ԱՄՆ-ի և Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև առկա երկկողմ պայմանագրային պարտավորությունները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերիլենդի նախագահական առանձնատանը կհյուրընկալի Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային։ Երեք երկրները նախատեսում են ամրացնել անվտանգության և տնտեսության ոլորտում իրենց կապերը, քննարկել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքը և Չինաստանի վարած քաղաքականությունը։

Տոկիոյից ԱՄՆ մեկնելիս Կիսիդան լրագրողներին ասել է, որ «գագաթնաժողովը պատմական հնարավորություն կլինի եռակողմ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու համար»։

Բայդենը եռակողմ այս գագաթնաժողովի միջոցով նաև ցանկանում է նպաստել Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև լարվածության թուլացմանը: Երկու երկրները տասնամյակներ շարունակ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ կապված 1910-1945 թվականներին Ճապոնիայի կողմից Կորեայի բռնազավթման ընթացքում կորեացիների հարկադիր աշխատանքի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում