Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արցախի շրջափակման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար․ Ստեփանակերտի քաղաքապետի հարցազրույցը

Արցախի շրջափակման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել 
ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար․ 
Ստեփանակերտի քաղաքապետի հարցազրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ:

 -Պարոն Սարգսյան, հունիսի 15-ից Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը ամբողջական շրջափակման մեջ է պահում. դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար մատակարարումները: Մինչ այդ նաև ՀՀ-ից էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն էր խափանել: Այս ամենը ինչ հրատապ խնդիրներ են ստեղծել Ստեփանակերտում այսօրվա դրությամբ: Ինչպե՞ս է քաղաքապետարանը փորձում լուծում տալ այդ խնդիրներին:

 - Լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Կոնկրետ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտների խնդիրները մեծ դժվարությամբ ենք կարողանում փոքրիշատե կարգավորել, այն էլ մասնակիորեն, որովհետև անգամ սովորական, առօրյա խնդիրները ներկա պայմաններում անհաղթահարելի բնույթ են ստանում: Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

- Մասնավորապես ամռան այս շոգ շրջանում, երբ նույնիսկ խանութներում հնարավոր չէ վաճառվող ջուր գտնել, ջրամատակարարման հետ կապված՝ ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում, ինչպե՞ս է իրականացվում ջրամատակարարումը: Ի՞նչ վտանգներ կան այս առումով, հնարավո՞ր է, որ ինչ-ինչ պատճառներով ջրամատակարարումը նույնպես ժամանակացույցով իրականացվի:  

- Շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար վճռորոշ գործոններ են համակարգը սնուցող գետերի պաշարները, անխափան էլեկտրամատակարարումը, վառելիքի անհրաժեշտ ծավալի առկայությունն ու բարեխիղճ աշխատակազմը: Ի պատիվ քաղաքի ջրամատակարար կազմակերպության՝ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության, այն վերջին գործոնն է այսօր, միակ հուսալի օղակը այդ շղթայի: Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված գետերում ջրի գոլորշիացման մակարդակի աճը, էներգացանցի հովհարային անջատումներն ու վառելիքի պակասը, իսկ շատ դեպքերում դրա բացակայությունը, լուրջ խնդիրներ են ստեղծում ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար: Հարկ է նշել, որ գետերում ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց աճել են կենարար հեղուկի սպառման ծավալները: Դրան նպաստել է նաև խմելու ջուրը տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման նպատակով օգտագործելը, ինչը ևս շրջափակումն է պարտադրում, քանի որ այլևս բանջարեղեն չի ներկրվում:

-Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ տրանսպորտային վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում աղբահանության խնդիր է հասունանում: Ի՞նչ իրավիճակ է այժմ այդ առումով: Արդյոք հաջողվո՞ւմ է ինչ-որ կերպ առայժմ իրականացնել աղբահանության գործընթացը և ե՞րբ այլևս անհնար կլինի այն կազմակերպել: Ի՞նչ վտանգներ է այս խնդիրը պարունակում:

 - Ամռան այս տապին դա ամենացավոտ խնդիրն է: Դիզվառելիքի պակասը լրջագույն դժվարություններ է ստեղծում սանմաքրման պատշաճ կազմակերպման համար: Ստիպված աղբատար մեքենաները գործարկում ենք հերթափոխով: Քաղաքում սանիտարական իրավիճակը դեռ կառավարելի է: Ամեն ինչ անում ենք, որ այն վտանգավոր գիծը չհատի: Ի դեպ, հաշվի առնելով այս օրերի բարձր ջերմաստիճանը՝ աղբահարթակները մաքրվելուց բացի նաև ախտահանվում են՝ կանխելով հետագա բարդությունները:

-Ի՞նչ խնդիրների առջև է կանգնեցրել վառելիքի գերսղության պատճառով հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելը:

- Վառելիքի բացակայության պատճառով այլևս անհնար էր հանրային տրանսպորտի աշխատանքը: Դրա հետևանքով բնակիչներն այս տոթ եղանակին ոտքով կիլոմետրեր են կտրում աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար: Եթե տղամարդկանց մի մասը սկսել է ապավինել հեծանվին, ապա տարեցներն ու կանայք կանգնել են պատուհասի առաջ: Առջևում նոր ուսումնական տարին է: Եվ այս լրջագույն խնդրին ստիպված առնչվելու են հազարավոր դպրոցականներ, ծնողներ ու ուսուցիչներ: Մեր կողմից վստահեցնում եմ՝ վառելիքի ներկրման դեպքում պատրաստ ենք հանրային տրանսպորտի հուսալիությունը անհապաղ ապահովել:

-Այս շրջանում ի՞նչ հրատապ խնդիրներով են առավել հաճախ քաղաքապետարանին դիմում բնակիչները:

 - Դիմումները բազմաբովանդակ են՝ տանիքների վերանորոգումից մինչև վառելիքի կամ նույնիսկ ծխախոտի տրամադրում: Իհարկե, մենք գործում ենք օրենսդրությամբ մեզ լիազորած շրջանակում և դիմումները բավարարում ենք օրըստօրե նվազող հնարավորությունների սահմաններում: Մյուս կողմից և՛ պատասխանատվություն, և՛ պատիվ է քաղաքային իշխանության համար դիմումների այդչափ բազմաբնույթ լինելը. դա նշանակում է՝ ստեփանակերտցին վստահում է քաղաքային իշխանություններին և վստահ է, որ իր դիմումը, ամեն դեպքում, անպատասխան չի մնա:

 -Շարունակու՞մ են գործել քաղաքապետարանին ենթակա հիմնարկ- ձեռնարկությունները: Քաղաքապետարանը տեսանյութեր էր հրապարակել այն մասին, որ նրանց աշխատակիցները երբեմն ձեռքով են կատարում տեխնիկայի համար նախատեսված աշխատանքները: Այժմ ևս նրանց աշխատանքը շարունակվու՞մ է նույն կերպ: Կա՞ն աշխատատեղեր, որոնք ստիպված փակվել են:

- Գործում են դժվարությամբ, բայց բաց ճակատով: Մեր համայնքային ընկերությունների բրիգադները տարբեր կանչերին արձագանքում են՝ դեպքի վայր հասնելով ոտքով, իսկ կանաչապատման աշխատանքներում վաղուց արդեն միայն ավանդական գործիքներն են օգտագործվում: Հատկապես ամռան ամիսներին նման ջանասիրությամբ աշխատանքը միմիայն դրվատանքի է արժանի: Եվ հենց այդ նվիրյալների շնորհիվ է, որ քաղաքը կարողանում է պահպանել իր կենսունակությունը: Ինչ վերաբերում է աշխատատեղեր փակվելուն, ապա գոնե ցայսօր քաղաքապետարանին ենթակա կառույցներում նման դեպք չենք ունեցել, որովհետև նրանք մեծամասամբ սնվում են պետբյուջեից: Անշուշտ, շատ ցանկալի կլինի, որ իմ բոլոր գործընկերները շարունակեն իրենց աշխատանքը, որովհետև եթե շրջափակման պատճառած բազում անհարմարություններին գումարվի նաև գործազրկությունը, ապա դժվար չէ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am