ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
1 րոպեի ընթերցում
![ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1116728.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տալ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշված է գրառման մեջ:
Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։ Այնուհետև հաղորդագրություն էր տարածել Արցախի ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Ավելի ուշ՛ հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի դատախազությունը, որի համաձայն՝ Ռաշիդ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել Արցախից Հայաստան գնալու ճանապարհին։