Հասարակական

Հայաստանում 100 հազարից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով

4 րոպեի ընթերցում

Հայաստանում 100 հազարից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեպատիտ C-ի կրողների թիվը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 4 տոկոսը՝ շուրջ 66 հազար մարդ, իսկ հեպատիտ B-ով հիվանդացածների թիվը ավելի քան 46 հազար է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը` ներկայացնելով հիվանդացության վիճակագրությունը։

«Հեպատիտ B-ի դեպքում դեռևս վերջնական ապաքինում չի դիտարկվում, բայց ունենք վիրուսի կայունացում, այսինքն` վիրուսի ընկճում, ինչը նպաստում է թե՛ լյարդի ախտահարման, հիվանդության պրոցեսի կասեցմանը, թե՛ կասեցնում է վիրուսի տարածումը»,- նշեց Աթոյանը։

Աթոյանը հեղաշրջումային համարեց հեպատիտ C-ով հիվանդների համար ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերի հայտնաբերումը, ներմուծումն ու կիրառումը, որոնք թույլ տվեցին 95 տոկոս և ավել արդյունավետությամբ հասնել ապաքինման:

Աթոյանը հիշեցրեց, որ հեպատիտ C-ի համար նախատեսված դեղորայքն անվճար է տրամադրվում։ Արդեն մեկ ամիս է` անվճար է նաև հիվանդության ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ, բուժումը տևում է 3 կամ 6 ամիս, 95 տոկոս և ավելի դեպքերում արձանագրվում է հիվանդության ամբողջովին ապաքինում։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծեց՝ հուլիսի 28-ը նշվում է որպես Հեպատիտների միջազգային օր, որը սահմանվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Ըստ նրա՝ առիթն օգտագործվում է ներկայացնելու՝ ինչպիսի խնդիրներ կան հեպատիտների կանխարգելման, վերահսկման առումով և ինչ աշխատանքներ են տարվում:

«Միջազգային պարտավորություններին Հայաստանը նույնպես միացել է, որպեսզի մինչև 2030 թվականը վերացնի կամ էլիմինացնի հեպատիտները բնակաչության շրջանում, և այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք թեստավորման աշխատանքներ. ինչքան շատ անձինք անցնեն թեստավորում, այնքան ավելի վաղ կհայտնաբերվի իրենց կարգավիճակը և ավելի վաղ կսկսվի բուժումը»,- նշեց փոխնախարարը:

Իրականացնում են թեստավորման և բուժական մի շարք ծրագրեր: «Հեպատիտ B-ի տարածման վրա ազդեցություն են ունեցել պատվաստումները, որոնք իրականցվում են 1990 թվականից: Հեպատիտ C-ի դեպքում մենք չունենք նման գործիք, բայց ունենք դեղորայքի տրամադրման գործիքակազմ: Բուժումը ոչ միայն օգնում է մարդկանց չհիվանդանալ այն հիվանդություններով, որոնք փոխկապակցված են, այլ նաև որոշակի կոտրում ենք տարածման շղթան»,- հավաստեց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ անցած տարվա ընթացքում իրենց շահառու է դարձել 1210 անձ, իսկ այս տարվա ընթացքում ձեռք է բերվել դեղորայք, որն ուղղված է 1800 հոգու բուժմանը:

Վիրուսային հեպատիտ B-ն, C-ն, ինչպես նաև ՄԻԱՎ-ը, որոնց համաճարակաբանական փոխանցման ուղիները նույնն են, փոխանցվում են արյունային ճանապարհով՝ ոչ ախտազերծված գործիքներով միջամտություն կատարելը` բուժական միջամտություն և գեղեցկության սրահներում մատնահարդարում, կոսմետոլոգիա, դաջվածք, ոչ ախտազերծված ներարկիչ օգտագործելը, չպաշտպանված սեռական հարաբերություն, վարակված մորից պտղին վարակի անցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում