Հասարակական

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի

5 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կազմակերպված ակցիային մասնակցում են նաև հադրութցի երեխաներ, որոնց ընտանիքները 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղափոխվել են Հայաստան։

«2020 թվականին, երբ պատերազմը սկսվեց, մեկ շաբաթ անց մենք ընտանիքով հասկացանք, որ այլևս չենք կարող մնալ, և եկանք Երևան։ Հիմա այս ակցիայով պահանջում ենք, որ Լաչինի միջանցքը բացվի, և հարգվեն մեր հասակակիցների իրավունքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է 11-ամյա Արմանը։

Ակցիային մասնակցող երեխաներից մեկն էլ պատմեց, որ հիշում եմ իր դպրոցը, տունը, ընկերներին, որոնց հետ խաղում էր ամեն օր։ Գևորգի հայրը հիմա Արցախում է, նա ոստիկանության ծառայող է։ Արցախի շրջափակման հետևանքով չի կարողանում հորը հանդիպել։

Երեխաներն ակցիային մասնակցում են «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» գրություններով շապիկներով։

Արցախի առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհրդի անդամ, բժիշկ Արամայիս Գալումյանը իր ելույթում նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախի դեմ, ահաբեկչություն է։ «Դա ահաբեկչություն է մի պետության կողմից, որը ոչ թե մասնավոր ահաբեկչական խմբավորում է, այլ ահաբեկիչ պետություն է։ Չտեսնված մի երևույթ է, երբ կարելի է 120 հազար մարդու շրջափակել, զրկել տարրական սննդի հնարավորությունից, առողջապական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Սա ի՞նչ է, եթե ոչ ահաբեկչություն։ Այստեղ պատասխանատու են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր մեծ պետությունները, որոնք աշխարհում կարգեր են հաստատում։ Մենք պահանջում ենք Արցախի բնակչությանն ապահովել սննդով, առողջապահական ծառայություններով, ճանապարհով և ամեն ինչով»,- հայտարարեց Արամայիս Գալումյանը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը իր խոսքում նշեց, որ հայությունը չի կորցրել իր հույսը, որ փափուկ ուժով էլ կարող է Արցախը փրկել։ «ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարբերաբար ինձ անձամբ հիշեցնում է, որ իրենք քաղաքական հարցերով չեն զբաղվում։ Հարց եմ տալիս՝ միթե տոտալ շրջափակման մեջ 2 մանկահասակ երեխաների մահը քաղաքականության արդյունք չէ՞։ Ինչո՞ւ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը մինչ օրս չի բարձրաձայնել, որ այսօր տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի հանդեպ ցեղասպանությունն ընթացքի մեջ է։ Այսօր Արցախը գտնվում է հյուծման միջոցով ցեղասպանության ընթացքի մեջ»։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարտավոր է միջնորդ լինել Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի և մեր միջև և տեղ հասցնի նրանց, որ ՄԱԿ-ը կարիք ունի վարկանիշի փրկության։ ՄԱԿ-ը չպետք է մոռանա, որ ինքը իրավահաջորդ է Ազգերի լիգայի, որը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։ ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր բազում կոնվենցիաներին, որոնցով այսօր Արցախի Հանրապետությունը դե ֆակտո և դե յուրե կայացած հանրապետություն է»,- ասաց Ավագյանը։

Նա հավելեց, որ վերջերս ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնյաներին նամակներ են հղել, որում հիշեցրել են, որ առնվազն Արցախյան առաջին պատերազմից 820 հազար հայեր փախստական են դարձել, երկրորդ պատերազմից, ինչպես ֆիքսել է հենց ՄԱԿ-ը, 26 հազար 750 փախստական կա։ «Պահանջել ենք, որպեսզի ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը գա Հայաստան և տեղում հասկանա, թե ինչ մտահոգություններ ունեն հայ փախստականները։ Երկրորդ կետով դիմել ենք, որպեսզի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցով խորհրդականը տրամադրի տեղեկատվություն, թե ՄԱԿ-ը ինչ գործողություններ է անում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ հյուծման միջոցով տարվող ցեղասպանությունը կասեցնելու և հետագայում այն կանխարգելելու համար»,- մանրամասնեց Մարիամ Ավագյանը։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից կշարժվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ կշարունակեն ակցիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում