Տեղումներն Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել. ՏԿԵՆ խոսնակ
2 րոպեի ընթերցում
![Տեղումներն Արցախում մեղմում են էներգետիկ ճգնաժամը, սակայն տոտալ շրջափակման պատճառով իրավիճակը կարող է ավելի ծանր լինել. ՏԿԵՆ խոսնակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/06/1113865.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն կարող վերականգնել ներկայում էլեկտրաէներգիայի հիմնական ռեսուրս հանդիսացող Սարսանգի ջրամբարի նախկին պաշարները:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:
«Ջրամբարի ծավալի վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դադարի խոչընդոտել Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը: Այդ պարագայում ստիպված չենք լինի մեծ ծավալով օգտագործել ջրամբարի ռեսուրսները, և մոտ մեկ տարվա ընթացքում կվերականգնվի նախկին ծավալը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարությունը տարբեր միջոցառումներով, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատման միջոցով, ջրամբարում որոշակի ջրային պաշարներ է փորձում կուտակել՝ առաջիկա ամիսներին և հատկապես ձմռանն ավելի արդյունավետ դիմակայելու խորացող էներգետիկ ճգնաժամին:
Մեր զրուցակցի խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սահմանափակ հումանիտար բեռների տեղափոխման հնարավորության պարագայում Կառավարությունը նախատեսում էր իրագործել այլընտրանքային էներգիայի օգտագործման ծրագիր, սակայն օրեր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչն անհնար է դարձրել անհրաժեշտ սարքավորումների ներկրումը: Իրավիճակի շարունակականության պարագայում էներգետիկ ճգնաժամը սպասվածից ավելի ծանր կարող է լինել:
Վան Նովիկով