Մշակույթ

Գիրք, որը նորովի կներկայացնի Արամ Խաչատրյան մտածողին. անգլերեն լույս է տեսել կոմպոզիտորի «Նամականի»-ն

4 րոպեի ընթերցում

Գիրք, որը նորովի կներկայացնի Արամ Խաչատրյան մտածողին. անգլերեն լույս է տեսել կոմպոզիտորի «Նամականի»-ն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, լույս է ընծայել Արամ Խաչատրյանի «Նամականի» գրքի անգլերեն տարբերակը:

Ժողովածուն ընդգրկում է Գոհար Հարությունյանի, Մարգարիտ Հարությունյանի, Զառա Տեր-Ղազարյանի կազմած առաջին, երկրորդ և Մարգարիտ Ռուխկյանի, Ալինա Փահլևանյանի կազմած երրորդ ժողովածուների նամակները: Գիրքը համալրված է կոմպոզիտորի տուն-թանգարանում հավաքված նոր նամակներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին «Ես եվրոպացի հայ եմ» թեմայով քննարկման ընթացքում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հիշեցրեց՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակներն ավելի վաղ են տպագրվել: Տեսնելով գրքի նկատմամբ հետաքրքրությունը, պահանջարկը՝ նախաձեռնել են անգլերեն տարբերակի հրատարակումը:

«Արամ Խաչատրյանին առաջին հերթին ճանաչում են որպես մեծ երաժշտի, սակայն շատերին է հետաքրքիր, թե նա ինչ ներաշխարհ ուներ: Ի՞նչը, եթե ոչ անկեղծ սրտով գրված նամակները կարող են բացահայտել մարդու ներաշխարհի նրբերանգները: Ինքը՝ կոմպոզիտորը, առանձնակի նշանակություն էր տալիս նամակներին և յուրօրինակ խորհուրդ էր տեսնում դրանց մեջ: Խաչատրյանը կարծում էր, որ մեծ արվեստագետների նամակագրությունը կարող է հետագայում ճանաչողական մեծ արժեք ունենալ: Ըստ նրա՝ նամակներում հնարավոր է արտահայտել այնպիսի մտքեր, որոնք չեն ասվի հանպատրաստից և առերես: Նամակները կարող են դառնալ նույնիսկ պատմական փաստաթղթեր: Խաչատրյանը քաջ գիտակցում էր, որ իրենից հետո կհրապարակվեն իր նամակներն ու կներկայացվեն հանրությանը»,-ընդգծեց Գրիգորյանը:

Ժողովածուում ընդգրկված նամակների մեծ մասը պահպանվում է տուն-թանգարանի հավաքածուում, իսկ մի մասը՝ արխիվներում, մի մասն էլ հասցեատերերի ընտանիքների սեփականությունն է: Գրիգորյանը հավելեց, որ գիրքը հրատարակելու ընթացքում նոր նամակներ են ստացել: Չի բացառում, որ մի քանի տարի անց տպագրեն գրքի համալրված տարբերակը:

Արմինե Գրիգորյանը հավաստիացրեց, որ նամակները նոր լույս են սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա և ընթերցվում մեծ հետաքրքրությամբ:

Գրքի հրատարակման գործում մեծ ներդրում է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, որի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը հիշեցրեց՝ Խաչատրյանն ասել է, որ մնում է հայ, բայց եվրոպացի հայ, ոչ թե ասիացի:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը ևս ներկա էր միջոցառմանը: Նա շեշտեց, որ իրենց առաքելությունը մեծանուն կոմպոզիտորի գործունեության հանրահռչակումն է:

Այդ նպատակով 19-րդ անգամ Երևանում անցկացնում են Խաչատրյան միջազգային մրցույթը: «Այս տարի այն կազմակերպվել է դաշնամուր մասնագիտացմամբ, և վաղը հայտնի կդառնան դափնեկիրներն ու մրցանակակիրները: Հիմնադրամն իրականացնում է նաև Խաչատրյան միջազգային փառատոնը, որը տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Այն տեղի կունենա 2023 թվականի վերջին»,-նշեց Թովմասյանը:

Խաչատրյանի հոբելյանին նվիրված տարվա ընթացքում թե՛ կոմպոզիտորի տուն-թանգարանը, թե՛ այլ մշակութային կառույցներ հանդես կգան նրան նվիրված համերգային ծրագրերով, ցուցահանդեսներով և այլ նախաձեռնություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում