Հասարակական

«Դասը վարում է քննիչը» հանրային իրազեկման նոր ծրագիրը դպրոցներում կբարձրացնի իրավագիտակցության մակարդակը

4 րոպեի ընթերցում

«Դասը վարում է քննիչը» հանրային իրազեկման նոր ծրագիրը դպրոցներում կբարձրացնի իրավագիտակցության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դասը վարում է քննիչը». ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում կոմիտեի քննիչները դասընթացներ են վարում հանրապետությունում գործող հանրակրթական միջին և ավագ ուսումնական հաստատություններում: Ապրիլից մեկնարկած նախագիծն արդեն հասցրել է սիրվել և՛ աշակերտների, և՛ դասավանդող քննիչների կողմից:

«Արմենպրես»-իհետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Գրիգոր Ամիրյանն ընդգծեց, որ աշակերտները դասերին բավականին ակտիվ են և տալիս են իրենց հետաքրքրող հարցերը գործող պրակտիկ քննիչներին, ստանում են դրանց սպառիչ պատասխանները: Ըստ նրա՝ սա ոգևորիչ է և նպաստում է, որ այս նախաձեռնությունն ավելի մեծ եռանդով շարունակեն իրականացնել:

Քննիչը նշեց, որ ծրագիրն ուղղված է դեռահասների իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրմանը։

«Ծրագիրն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրմանը։ Հիմնական խնդիրներից է դեռահասների և երիտասարդների ներգրավման կամ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների և կատարմանը նպաստող պայմանների պարզ և մատչելի իրազեկումը, ինչը նաև թույլ կտա դեռահասներին հեռու պահել նման իրավիճակներում հայտնվելու վտանգներից»,-ասաց քննիչ Գրիգոր Ամիրյանը։

Նա ընդգծեց, որ դասընթացների հիմնական թեմաներն են հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը և դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը և դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը: Ծրագրի հետաքրքիր ու բովանդակալից թեմաներից են նաև երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան և դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը և դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը և այլն։

Դասավանդող քննիչ Վաչե Մխիթարյանը վստահեցրեց, որ աշակերտների նման ոգևորվածությունը դասերի ընթացքում իրեց համար էլ էր անականկալ, նրանց հետաքրքրում է գրեթե ամեն ինչ՝ ընդհուպ մինչև առանձին քննչական գործողությունների կատարման մասին տեղեկատվությունը:

«Դասընթացի ընթացքում աշակերտները կիրազեկվեն նաև ՀՀ-ում իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների, առանձնահատկությունների մասին։ Ընդգծեմ, որ դասընթացներ կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի ուսումնական հաստատություններում»,-ավելացրեց դասավանդող քննիչը։

Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոցի աշակերտներն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրին, որ սա շատ կարևոր քայլ է և՛ ոլորտին ծանոթանալու, և՛ որպես քաղաքացի սեփական իրազեկվածության բարձրացման համար:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում