Քաղաքականություն

Տեղում Ադրբեջանի ագրեսիան կանխվել է առաջին հերթին հայկական բանակի գործողությունների արդյունքում․ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

3 րոպեի ընթերցում

Տեղում Ադրբեջանի ագրեսիան կանխվել է առաջին հերթին հայկական բանակի գործողությունների արդյունքում․ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու հարցում ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, սակայն խնդիրը լուծվել է առաջին հերթին Հայաստանի Զինված ուժերի գործողությունների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, մասնակցություն է ունեցել դադարեցնելու գործում:

«Կասկածի տակ չեմ դնում Մարիա Զախարովայի ասածները, որ ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈՒ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է թող ՌԴ արտաքին գերատեսչությունն աջ ու ձախ զանգեր աներ, դա խնդրի լուծման չէր տանելու: Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր ԶՈՒ-ի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանն էլ, անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ու այդպես էլ շարունակվելու է:

«Հայաստանը իր ռազմավարական գործընկերոջ հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է՝ ի նպաստ ՀՀ ԶՈՒ զարգացման և մարտունակության բարձրացման»,-ասաց խմբակցության քարտուղարը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

Զախարովան այս առնչությամբ հայտնել էր, որ տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում