Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհի առաջատար կլինիկաների ուռուցքաբանները կժամանեն Հայաստան՝ մասնակցելու տարվա բժշկագիտական կարևորագույն իրադարձությանը

Աշխարհի առաջատար կլինիկաների ուռուցքաբանները կժամանեն Հայաստան՝ 
մասնակցելու տարվա բժշկագիտական կարևորագույն իրադարձությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 19-21-ը Հայաստանում առաջին անգամ  հյուրընկալվելու  է մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսը: Հայաստանը կդառնա հարթակ, որտեղ աշխարհի  տարբեր երկրների առաջատար մասնագետները կկիսվեն մանկական ուռուցքաբանության բնագավառում տարվա հայտնագործություններով, գիտական նորարարություններով։ Հատկանշական է, որ այս համաժողովը հետխորհրդային տարածաշրջանում մինչ այս մեկ անգամ  է եղել՝ Մոսկվայում։  «Արմենպրես»-ի հետ զրույցում  Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն Գևորգ Թամամյանը համոզմունք հայտնեց՝ համաժողովը մեր երկրի համար դառնալու է տարվա բժշկագիտական կարևորագույն իրադարձությունը։ 

«Հայաստանը երկրորդ երկիրն է, որը պատիվ ունի հյուրընկալելու նման մեծ միջոցառում։ Ակնկալում ենք, որ ամբողջ աշխարհից՝ Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից և այլ վայրերից, մանկական ուռուցքաբաններ կգան մեր երկիր։ Արդեն իսկ իրենց մասնակցությունն են հաստատել մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահը, ասիական, եվրոպական, Լատինական Ամերիկայի միությունների նախագահները... Մոտ 120 առաջատար մասնագետներ արդեն իսկ հաստատել են զեկույցով հանդես գալու իրենց որոշումը»,- նշեց նա:  

MXO_7032.JPG (415 KB)

Հայաստան կայցելեն մանկական քաղցկեղի մասնագետներ աշխարհի ամենախոշոր կենտրոնից՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցից, Հարվարդի համալսարանից, Վիեննայից, Իտալիայից, Բրյուսելից, Իսպանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Հնդկաստանից, Մերձավոր արևելքից… Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ Հայաստանն այդ օրերին դառնալու է մանկանան ուռուցքաբանության աշխարհի կենտրոններից մեկը։

«Համոզված եմ՝ Հայաստանում անցկացվելիք կոնգրեսը նմանատիպ կոնգրեսների մեջ աննախադեպ է լինելու։ Դա են փաստում և՛ իրենց մասնակցությունը հաստատած երկրների թիվը, և այն, որ սա թեև միջազգային միության ասիական կոնգրեսն է, բայց իրենց մասնակցությունն են հաստատել նաև եվրոպական և լատինաամերիկյան միությունների նախագահները։ Աշխարհագրությունը միայն ասիական կոնգրեսի մասնակիցներով չի սահմանափակվելու»,- նկատեց Գևորգ Թամամյանը: 

Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Երեխաներից 75-ը լիովին ապաքինվում է։ Հենց այս թվերն էլ հաշվի առնելով՝ Գևորգ Թամամյանը վստահեցնում է՝ մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանի ամենաակտիվ և ամենաարագ զարգացող ոլորտներից է։

«Զարգացած երկրներում (Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իսպանիա Ավստրիա, Իտալիա...)  քաղցկեղով հիվանդացած երեխաների 85 տոկոսն է լիարժեք ապաքինվում, զարգացող երկրներում՝ 0-60 տոկոսը։ Մի զարմացեք 0-ի վրա, իսկապես, երկրներ կան՝ ապաքինվողների տոկոսը 0 է կազմում։ Մենք, չնայած զարգացող երկիր ենք, բայց հիվանդների՝ միջինը 75 տոկոսն ապաքինվում է։ Մեր նպատակն այս պահին այն է, որ ամենօրյա աշխատանքի արդյունքում հասնենք զարգացած երկրների մակարդակին, այդ 10 տոկոսի բացն էլ լրացնենք»,-հավելեց պրոֆեսորը:

MXO_7079.JPG (430 KB)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսը Հայաստանում իրականանալու է ՀՀ առողջապահության նախարարության , Երևանի պետական բժշկական համալսարանի և Արյունաբանական կենտրոնի համատեղ ջանքերով։ Համաժողովը կանցկացվի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

 Նելլի Մարգարյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am