Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Նոր գիրք»-11/23. Շիրվանզադե, Թախտաճյան, Եղիազարյան

«Նոր գիրք»-11/23.   Շիրվանզադե, Թախտաճյան, Եղիազարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս»
334540518_258288743199021_2000026794106124123_n.jpg (121 KB)

 «Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն
Մագդա Թախտաճյան, «Ռոջավա»
327111109_898206091301477_7507555799561453310_n.jpg (231 KB)

Նանե Բարսեղյանը, որը մեծացել է Խորհրդային Հայաստանում թողնում է ամեն ինչ և մեկնում է սիրիական Քրդստանի Ռոջավա շրջան՝ իրական հորը գտնելու հույսով: Ուղևորության ընթացքում Նանեին ուղեկցում է զարմուհին՝ լրագրող Ալմա Բարսեղյանը: Պատերազմից ու բռնությունից ավերված այդ վայրում գլխավոր հերոսների համար բախտորոշ է դառնում ծառայությունը կանանց ջոկատում, որտեղ խիզախ կանայք պաշտպանում են այն հողը, որը վաղուց խաղաղություն չի տեսել: Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս. կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի:

Իսլամական պետության, թուրքական զորախմբերի և սիրիական ծանր իրականության դեմ մղվող պայքարի ֆոնին զարգանում է Նանե Բարսեղյանի պատմությունը: Մագդա Թախտաճյանն այս վեպում միաձուլում է հուզական պատումն ու լրագրողական սրատեսությունը: Եվ ստեղծում է պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված ինքնության ու սիրո մասին պատմություն: Թարգմանիչ՝ Գայանե Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Փաստավավերագրական գրականություն
Ազատ Եղիազարյան, «Թումանյան և Իսահակյան. երկու աշխարհընկալում»
336281606_237020475428787_8531905247364977064_n.jpg (145 KB)

 Ուսումնասիրությունը նվիրված է հայ գրականության երկու մեծերի Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործության զուգահեռ քննությանը: Վերլուծվում են հատկապես նրանց աշխարհընկալումներին վերաբերող կարևոր հարցեր: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am