Հասարակական

Փաշինյանը մեկնաբանեց փոխքաղաքապետ Ավինյանի ակտիվ գործունեության շուրջ մամուլի հրապարակումները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը մեկնաբանեց փոխքաղաքապետ Ավինյանի ակտիվ գործունեության շուրջ մամուլի հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայկական լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն մտքին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը հիշեցրեց, որ իր քաղաքական թիմը հաղթել է 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններում՝ դրանով իսկ ստանձնելով որոշակի պարտավորություններ։ «Ավելին, ես 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու։ Մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակվանից ուժի մեջ է։ Երբ հաղթել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, այդ պահից սկսած իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները»,- ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականից մինչ օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության «Գազել», ինչն ընդհանուր «Գազել»-ների թվի 70 տոկոսն է։ «Մյուս «Գազել»-ներն առաջիկայում նույնպես շրջանառությունից կհանվեն։ Ավտոբուսների խմբաքանակներն արդեն Երևանում են, գալիս են, և առաջիկայում արդեն դուրս կգան երթուղի։

Այսօրվա դրությամբ 1000-ից ավել «մահվան վերելակներ» փոխարինվել են լրիվ նոր վերելակներով։ Դա եղել է 2017 թվականի իմ՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից։

Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, մեր քաղաքական թիմն է այդ պարտականությունները ստանձնել։ Եթե համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը, վերելակների փոխելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։

Կառավարության ղեկավարը հավելեց նաև, որ 2026 թվականի դրությամբ Երևանի վերելակների 80-90 տոկոսը փոխված կլինեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում