1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական կողմը կրկին ակտիվացել է

Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական կողմը կրկին ակտիվացել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին 3 տասնամյակում, ոչ մի առիթ բաց չթողնելով, միջազգային հարթակներից ու հանդիպումներում պարբերաբար հնչեցրել են, թե իբր Հայկական ատոմակայանը վտանգավոր է, եւ անհրաժեշտ է այն փակել։ Թյուրքական այդ երկու պետությունները հաջողության չեն հասել, քանզի ատոմային էներգետիկան այն ոլորտն է, որտեղ տեղ ունեն նախ տեխնիկական գնահատականները։ Իհարկե, սա չի նշանակում, թե արժեզրկվում են քաղաքական գնահատականները, բայց այդ տարիներին Հայաստանն այլ կարգավիճակում է եղել, այլ «ձայնով» եւ կարողացել է չեզոքացնել թյուրքական ձայնը՝ ՀԱԷԿ-ի մասով միջազգային մասնագիտական-տեխնիկական գնահատականների հետ միասին։ Թուրքիան ու Ադրբեջանը այսօր էլ չեն դադարեցնում իրենց քաղաքական հայտարարությունները, ինչը հիմա ունի նաեւ տնտեսաքաղաքական հիմք. այլ կերպ՝ Թուրքիայում հիմա ատոմակայան է կառուցվում, էլէներգիայի արտահանման լուրջ ռազմավարություն ունի եւ, բնականաբար, այդ պետությանը ձեռնտու է ՀՀ-ի՝ ատոմակայան չունենալը, եւ հետագայում Թուրքիայից այս մասով կախման մեջ ընկնելը։

2000-ականներին ԵՄ-ն մեզ խորհուրդ էր տալիս փակել ատոմակայանը, փորձը ցույց տվեց, որ երբ հաստատակամ մնացինք չփակելու որոշման մեջ (տեխնիկատնտեսական բոլոր պարամետրերով ապացուցված), շահողը մենք դուրս եկանք։ Մանավանդ որ մասնագետները միշտ են ասել, թե ատոմակայաններն ավելի մաքուր են աշխատում, քան, ասենք, ջերմային կայանները։ Հիմա Եվրահանձնաժողովն էլ միջուկային էներգետիկան «կանաչ» է հայտարարել (քաղաքական հնարավոր կրկնվելիք արգելքը դուրս եկավ)։ Մեզ մնում է հաստատակամ լինել եւ շարունակել զարգացնել միջուկային էներգետիկան՝ այն դիտարկելով մեր երկրի էներգետիկական անկախության եւ անվտանգության համապատկերում:

Հաստատակամ մնալու համար մեր կողմից չպետք է անտեսվի Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական ոչ մի հայտարարություն, եթե նույնիսկ այն հիմարություն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդունելով ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, ասել է, թե իբր «կայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար, աշխատում է հին տեխնոլոգիաներով եւ ունի լուրջ տեխնիկական խնդիրներ»։ Բնականաբար, ադրբեջանական մամուլը չի նշի, թե ինչ է ասել Գրոսին։ Փոխարենը մենք կտեղեկացնենք, որպեսզի հանկարծ ադրբեջանական այդ հիմարությունը չիրացվի մեր հանրության շրջանում։ Բայց մինչ դա նախ անհրաժեշտ որոշ փաստեր մեջբերենք։

2010 թ. ապրիլ։ Երեւանում Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստն է։ Խորհրդի անդամներն են Հայաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի ներկայացուցիչները: Հաշվի առնելով թյուրքական հերթական զազրախոսությունները՝ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին (Գերմանիա) խնդրեցի խոսել մեր ԱԷԿ-ի վիճակի մասին։ Ա. Բիրկհոֆերը լրագրողների ներկայությամբ հայտարարեց. «Այն ժամանակից ի վեր, ինչ կրկին գործում է Հայաստանի ատոմակայանը, անվտանգությանն ուղղված շատ միջոցառումներ են արվել: Արդյունքում հայկական ատոմակայանն այսօր լրիվ այլ տեսք ունի: Ու պետք է ասել, որ այն լիովին համեմատելի է աշխարհի նմանատիպ այլ ատոմակայանների հետ: Հայաստանի ղեկավարությունը եւ ատոմակայանը շահագործող անձնակազմը շատ մեծ ուշադրություն են դարձնում ատոմակայանի գործունեությանը, հուսալիությանը, անվտանգությանը»:

Ցայսօր անվտանգության միջոցառումները չեն դադարել։ Ինչպես եւ պետք է ԱԷԿ-ների աշխատանքի ժամանակ՝ այդ անվտանգության մակարդակը պարբերաբար բարձրացվում է, եւ, այո, ցայսօր, որեւէ միջազգային մասնագիտական կառույցից կամ փորձագիտական խմբից կամ էլ դիտորդական առաքելությունից ՀԱԷԿ-ի վտանգավոր լինելու մասին խոսք անգամ չի հնչել։ Ընդ որում՝ ոչ ռուսական, ոչ նույնիսկ եվրոպական, որ այդքան ուզում էր փակել ՀԱԷԿ-ը, եւ ոչ էլ ամերիկյան կողմից։

ՀԱԷԿ-ի դեմ ժամանակին արշավ էր սկսել փորձագետ Ռիչարդ Ռուսոն, որի հոդվածները տպագրվում էին «Foreign Policy Journal»-ում։ Ի՞նչ պարզվեց. Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ էր: Այսինքն` արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ էր ստանում Ադրբեջանի իշխանություններից: Կարճ ասած, սա այն է, ինչ կոչվում է` ադրբեջանական ազդեցության գործակալ:

Ինչեւէ, գանք մեր օրեր։ 2022 թ. հոկտեմբերի 4-ին Հայկական ԱԷԿ էր այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը: Այո, այն նույն Գրոսին, ում Ալիեւն ասել է մեր ԱԷԿ-ի իբր վտանգավորության մասին։ Գրոսին մեծ գոհունակությամբ էր նշել, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչն, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ եւ հուսալի շահագործումը: «Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, եւ համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,- եզրափակել էր ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Սրանից առաջ՝ նույն տարվա սեպտեմբերի 27-29-ը, հայկական պատվիրակությունը մասնակցել է Վիեննայում կայացած ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսի 66-րդ նստաշրջանին։ Այդ նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպել է ատոմային տեխնոլոգիաների՝ խաղաղ եւ անվտանգ նպատակներով օգտագործման բնագավառի ԱՄՆ պատասխանատու ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն արդյունավետ է եղել։ 2022 թ. փետրվարի 21-25-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց ԱԷՄԳ-ի փորձագիտական առաքելություն՝ «Միջուկային ֆիզիկական անվտանգության (ՄՖԱ) կուլտուրայի ինքնագնահատում» թեմայով: Առաքելության նպատակն էր ծանոթանալ կայանում անցկացված ֆիզիկական անվտանգության կուլտուրայի ինքնագնահատման արդյունքներին։ Արդյունքների հիման վրա փետրվարի 25-ին կայացած եզրափակիչ հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ի փորձագետները բարձր գնահատեցին ՀԱԷԿ-ի իրականացրած աշխատանքը։

ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները 2019 թ. հոկտեմբերին էլ Հայաստանում էին։ 2012-2018 թթ. իրականացված ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) տեխնիկական համագործակցության ծրագրերի գնահատման նպատակով հոկտեմբերի 29-ին ԱԷՄԳ-ի ներքին վերահսկողության ծառայության ներկայացուցիչները ՀԱԷԿ-ում էին, եւ առաքելության կազմում ընդգրկված էին նաեւ մասնագետներ Մեծ Բրիտանիայից եւ Գերմանիայից: Համագործակցությունն արդյունավետ է անցել։ Հասանք 2019 թ. հունիսին։ Այս ժամանակ ԱԷՄԳ թիմը հաղորդագրություն տարածեց, որ «Հայաստանը առաջընթաց է գրանցել միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ոլորտում իր նորմատիվ բազայի ամրապնդման գործում»։ Այդ մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաղորդագրության մեջ, որն ամփոփում է թիմի յոթնօրյա առաքելության արդյունքները: Ընդ որում՝ Հայկական ԱԷԿ-ը միշտ բաց է եղել եւ է միջազգային համագործակցության համար, առաքելությունն իրականացվել էր Հայաստանի կառավարության խնդրանքով եւ կազմակերպվել էր Հայաստանի միջուկային կարգավորման գործակալության (ANRA) կողմից: Խումբը արձանագրել էր, որ Հայաստանը 2015-ից ի վեր առաջընթաց քայլ է կատարել՝ ընդունելով աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու ռազմավարությունն ու ուժեղացնելով վթարային պատրաստվածության եւ արձագանքելու հետ կապված տեսչությունները:

2019 թ. մայիսին ԱԷՄԳ-ն կրկին Հայաստանում էր։ Այն ժամանակ տնօրենը Գրոսին չէր, Յուկիա Ամանոն էր, ով երկրորդ անգամ էր այցելում ՀԱԷԿ, առաջին անգամ 2012-ին էր եղել։ «Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել կայանում այդ ժամանակվանից ի վեր՝ ուղղված թե՛ անվտանգության բարձրացմանը եւ թե՛ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը»: Ի դեպ, քանի որ ԱԷՄԳ-ն դեմ չի արտահայտվել եւ «խնդիր չի տեսնում», որ ՀՀ-ն նոր ԱԷԿ ունենա (այս մասին խոսել ենք,- Ա. Մ.), Ամանոն հարց էր հնչեցրել նոր ԱԷԿ-ի կառուցման հրապարակի ընտրության վերաբերյալ։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը ՀԱԷԿ-ից հեռացավ իր գոհունակությունը հայտնելով։ Մենք, իհարկե, կարող ենք շարունակելով թվարկումը՝ «իջնել» մինչեւ ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի վերագործարկում՝ 1995 թ. ։ Դրանից հետո մինչ օրս ՀԱԷԿ-ն աշխատում է միջազգային մասնագիտացված ուղղությունների հետ։

Վերադառանք Ալիեւ-Գրոսի հանդիպմանը։ Ալիեւի բարբաջանքին Գրոսիի պատասխանը համառոտ է (ադրբեջանական լրագրողների հետ զրույցում). «Այնտեղ (Հայաստանում,- Ա. Մ.) գտնվում է ԱԷՄԳ-ի առաքելությունը, մենք մեր հայ գործընկերների հետ շփումներում քննարկում ենք անվտանգության չափանիշների ապահովման հարցերը»։

ԱԷՄԳ-ն մասնագիտացված կառույց է, եւ սրանից ավելին չէր էլ ասի։ Կփորձենք թյուրքական կողմի՝ ե՛ւ մասնագիտական, ե՛ւ քաղաքական անգրագիտության պատասխանը մենք տալ։ Նախ՝ երբ Անկարան ու իր գործիք Բաքուն խոսում են այն մասին, թե ՀԱԷԿ-ը վտանգավոր է, դա նշանակում է, որ նրանք կասկածի տակ են դնում այս ամբողջ երեք տասնամյակի ընթացքում ՀԱԷԿ-ի մասին մասնագիտական-տեխնիկական բոլոր զեկույցներն ու զեկույցների կողմերին։ Հետո՝ եթե հայկական ատոմակայանը վտանգավոր է տարածաշրջանի համար, ապա ինչու էր թյուրքական կողմը 2020-ին սպառնալիքներ հնչեցնում ՀԱԷԿ-ին հարվածելու։ Ի՜նչ է, այդ դեպքում տարածաշրջանին վտանգ չէ՞ր սպառնալու։

Հիշեցնենք, որ դեռ 2020-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը աչքի ընկավ հիմարության հասնող անհեռատեսությամբ, երբ սպառնաց, թե Ադրբեջանը հրթիռային հարված կհասցնի ՀԱԷԿ-ին։ «Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայատանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին։

Այսինքն՝ ըստ թյուրքական տրամաբանության, եթե հրթիռային հարված են հասցնում, աղետը միայն Հայաստանի համար է, բայց եթե ՀԱԷԿ-ը նորմալ աշխատում է, վտանգը ամբողջ տարածաշրջանի համար է։

Ի դեպ, ժամանակին ադրբեջանական հայտարարության մասին Գրոսին տեղեկացվել էր։ Հայկական կողմը մտահոգություն էր հայտնել Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։ Հայկական կողմն ընդգծել էր՝ ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսեւորում։

Մեր կողմից հավելենք՝ թյուրքական կողմից միջազգային հանրությանը պարբերաբար Հայկական ԱԷԿ-ի մասին սխալ տեղեկություն տալը նույնպես ահաբեկչության բացահայտ դրսեւորում է։ Քանզի այն հետապնդում է մեկ նպատակ՝ Հայաստանին զրկել միջուկային էներգետիկայի զարգացման ու էներգետիկ անվտանգության հեռանկարներից։ Հետեւաբար, հայկական կողմը թյուրքական կողմի ոչ մի հայտարարություն այս մասով չպետք է անտեսի՝ լինի այն հիմարություն, զրպարտություն, թե բարբաջանք։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]