Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Նախորդ տարում Սեւանի թերակղզի են այցելել 149 հազար 681 զբոսաշրջիկ

Նախորդ տարում Սեւանի թերակղզի են այցելել 149 հազար 681 զբոսաշրջիկ

ԳԱՎԱՌ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Սեւանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք են այցելել 149 հազար 681 զբոսաշրջիկ: 

Սեւանի զբոսաշրջային.jpg (143 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ զբոսաշրջության բաժնի պետ, զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, 2022 թվականին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել է 5073 զբոսաշրջիկ, որոնցից 2579-ը` կին, 2494-ը` տղամարդ: Ի դեպ, առաջին անգամ է, որ կանանց թիվը գերազանցել է տղամարդկանց քանակին:

Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակից օգտված 309 հոգու տրվել է ընդհանուր, իսկ 4764 անձանց` զբոսաշրջային բնույթի տեղեկատվություն։ 

Կենտրոնի ծառայություններից օգտվող եվրոպացիներից առավել ակտիվ են եղել ֆրանսիացիները, գերմանացիները, իտալացիները, լեհերն ու իսպանացիները: Օգտվողների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից ու Չեխիայից ժամանած զբոսաշրջիկները: Սպասելի նորությունների շարքին է դասվում Իրանից ժամանած զբոսաշրջիկների թվի աճը, որոնք կազմում են կենտրոնից օգտվողների 8,75 տոկոսը կամ 444 զբոսաշրջիկ եւ զբաղեցնում 3-րդ հորիզոնականը։

Քիչ չեն եղել նաեւ հայաստանցի զբոսաշրջիկները, որոնք օգտվել են կենտրոնի ծառայությունից:

Գովազդի հիման վրա Հայաստանի Հանրապետություն այցելածները կազմում են տեղեկատվական կենտրոնից օգտված զբոսաշրջիկների 8,96 տոկոսը կամ 455 զբոսաշրջիկ։ Պատահականության հիման վրա Հայաստան ժամանած եւ Սեւանի թերակղզի այցելած զբոսաշրջիկների թիվը 1209 է, որոնցից 1207-ը` ՌԴ, իսկ 2-ը՝ ԱՄԷ քաղաքացիներ են։ Փորձնական այցելածները եղել են 1517 զբոսաշրջիկ, կրկնակի այցելածների թիվը 305 է։

Եղել են նաև բազմակի այցելածներ, որոնց զբոսաշրջային ուղղությունը, ի թիվս այլ ուղղությունների, նաեւ Սևանն է: 69 զբոսաշրջիկի համար Սեւանը դարձել է նախընտրելի ուղղություն:

«Եթե անցած տարիների աշխատանքների ընթացքում ակնհայտ էր, որ կենտրոնից օգտվողների մեծամասնությունն անհատ զբոսաշրջիկներն էին, որոնք որեւէ զբոսաշրջային խմբի անդամ չէին եւ Հայաստանում նույնիսկ չէին դիմել որեւէ տուրօպերատորի, ապա 2022 թվականին պատկերն այլ էր. օգտվողների մեծ մասը խմբային զբոսաշրջիկներն էին, որոնց թվային ձևակերպումն այսպիսին է՝ 2881 զբոսաշրջիկ կամ օգտվողների 56,79 տոկոսը։ Անհատական զբոսաշրջիկների թիվը կազմել է 2192, կամ օգտվողների 43,20 տոկոսը։ Կենտրոնից օգտվող խմբային զբոսաշրջիկների 58.78 տոկոսի կեսից ավելին էլ՝ որպես խումբ, ձեւավորվել է արդեն Հայաստանի սահմանների ներսում՝ ճնշող մեծամասնությամբ՝ մայրաքաղաք Երեւանում։ Զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան է ժամանում` որոշակիորեն տեղյակ լինելով նրա պատմամշակութային ժառանգությանը։ 2018-2021 թվականների ընթացքում կատարված դիտարկումներից պարզվել էր, որ երիտասարդ զբոսաշրջիկների մեծ մասը լեհերն ու չեխերն էին, իսկ արդեն 2022 թվականին կատարված աշխատանքների շնորհիվ պարզվեց, որ լեհերին ու չեխերին են միացել նաեւ ռուսները։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռուսները հետաքրքրված են ավելի երկարաժամկետ մնալու հնարավորություններով։ Մեծաքանակ են նաեւ այն ռուսները, որոնք արդեն պլանավորել են երկարաժամկետ բնակություն հաստատել ՀՀ-ի տարածքում՝ առավել ապահովվածները՝ Երեւանում, իսկ մյուսները՝ մարզերում։ Նկատենք, որ միայն Սեւան քաղաքում 2022 թվականին մշտական բնակություն է հաստատել 100 ընտանիք, որոնք երկարաժամկետ մնալու ցանկություն են հայտնել, եթե կարողանան վճարովի աշխատանք ձեռք բերել, կամ էլ իրենք որեւէ նոր գործ ձեռնարկեն։ Նախորդ տարում կատարված աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել նաեւ ճշգրտել, որ զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Ռուսաստանից ժամանածները /19 հազար 107/, որոնց հաջորդել են Իրանից /11 հազար 204/, Գերմանիայից /11 հազար 131/, Ֆրանսիայից /10 հազար 212/, ԱՄՆ-ից /6472/ ժամանածները: Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել նաեւ Հնդկաստանից, Լեհաստանից Չինաստանից, Կանադայից: 

Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի գործունեության 8 տարիների ընթացքում հավաքագրված տվյալները ներկայացնում են Սեւանի թերակղզի այցելած զբոսաշրջիկների թվային պատկերը, որն այսպիսին է՝ 2015 թ․` 21 հազար 527 2016 թ.` 32 հազար 878, 2017թ.` 83 հազար 044, 2018թ.` 131 հազար 229, 2019թ.` 158 հազար 612, 2020 թ.` 0, 2021թ.` 128 հազար 707 եւ 2022 թ.` 149 հազար 681: 

2022 թվականի «նորամուծություններից» է նաեւ Շվեդիայից, Կիպրոսից, Նորվեգիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Մարոկկոյից, Կոտ Դ Իվուարից, Կատարից ժամանածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, որոնք արդեն դարձել են վիճակագրության մի մաս, եւ ակնկալվում է, որ 2023 թվականին այդ երկրներից սպասվելու է առավել մեծ հոսք: Կենտրոնից օգտվողների գերակշիռ մասն անգլիախոսներն են, որոնց թիվը եղել է 2541, կամ 50,08 տոկոսը։ ֆրանկոֆոնների թիվը 1627 է, կամ 32,07 տոկոս, ռուսախոսների թիվը՝ 905 կամ 17,83 տոկոս։

Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները կամ այցելուները, որոնք թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք, ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը: Տեղեկատվական գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը ներառում է ինֆորմացիայի տրամադրում գլոբալ առումով, ինչպես նաեւ Սեւան քաղաքի եւ հարակից համայնքների վերաբերյալ, տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզի կազմում, զբոսաշրջիկներին անվճար քարտեզների, բուկլետների, ուղեցույցների տրամադրում տարբեր լեզուներով, զբոսաշրջիկների ցանկությամբ հյուրանոցներում, քոթեջներում, ռեստորաններում ամրագրումներ, տաքսիների եւ ջրային տրանսպորտի միջոցների ամրագրում, ինչպես նաեւ գիդի գործառույթ` անվճար հիմունքներով»,-ներկայացրեց Դավիթ Թորոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am