Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ 
նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարց - Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։

Պատասխան - Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։

Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am