Քաղաքականություն

Պուտինը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։

«Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում