Հասարակական

Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Լարսի անցակետի հերթերում. Քերոբյան

2 րոպեի ընթերցում

Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Լարսի անցակետի հերթերում. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լարսի անցակետ հասնելու համար Վրաստանի տարածքում հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղրիմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները Լարսի անցակետի ռուսական հատվածում: Այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: Խնդիրը սկսելուց անմիջապես առաջ ոչ մի հերթ չկար»,-ասաց Քերոբյանը:

Ըստ նրա՝ Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների համար նույնն է, ինչ-որ եղել է մինչև վերջին իրադարձությունը: Թողունակության ծավալը վերականգնված է, բայց դեռ հերթ կա:

« Հիմա մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի կարողանանք թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան, այսօր էլի խորհրդակցություն ենք ունենալու»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկում են, թե ինչպես կարող են արագ լուծել խնդիրը:

Քերոբյանի խոսքով՝ արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ կան. հայկական որոշ արտադրողներ, որոնք թարմ գյուղմթերք ու կաթնամթերք են արտահանում, ունեն խնդիրներ և կրել են վնասներ, ինչը շատ անհանգստացնում է կառավարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում