Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանում՝ ինչպես տանը. ինչպես Հնդկաստանից կիլոմետրեր այն կողմ հնդիկները գտան իրենց նոր տունը

Հայաստանում՝ ինչպես տանը. ինչպես Հնդկաստանից կիլոմետրեր այն կողմ հնդիկները 
գտան իրենց նոր տունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) հոկտեմբերի 24-ի առօրյան զգալիորեն տարբերվում էր մյուս օրերից․ այդ օրը համալսարանի պատերի ներքո նշվում էր հնդկական ամենակարևոր տոներից մեկը՝ Դիվալին կամ ինչպես ընդունված է այլ կերպ անվանել՝ Լույսերի փառատոնը։ Համալսարանում այսօր սովորող մոտ 2000 օտարերկրացիներից շուրջ 800-ը հնդիկներ են։

Առհասարակ, վերջին տարիներին հնդկական մշակույթը լայն տարածում է գտել Հայաստանում։ Պատճառը ոչ միայն հայ-հնդկական դարավոր կապերն են, այլև վերջին տարիներին մեծ թվով հնդիկների՝ Հայաստան տեղափոխվելու փաստը։ Նրանք այստեղ են գալիս սովորելու, աշխատելու կամ էլ սեփական բիզնեսը սկսելու համար։

Տարիներ առաջ հենց սովորելու նպատակով էլ Հայաստան էր եկել Ռահուլ Անիլ Սետհին։ ԵՊԲՀ-ում կրթություն ստանալուց հետո նա 2014 թվականին վերադարձել էր Հնդկաստան՝ գործի դնելու այստեղ ստացած բժշկական իր գիտելիքները։ Սակայն կարճ ժամանակ անց ճակատագիրը նրան նորից որոշեց բերել Հայաստան՝ այս անգամ արդեն երկարաժամկետ։ 2015 թվականին հայուհու հետ ամուսնությունից հետո նա 2017 թվականին որոշում կայացրեց ընտանիքի հետ տեղափոխվել Երևան ու ապրել և արարել Հայաստանում։ Այսօր նա աշխատում է ԵՊԲՀ-ում՝ որպես  Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի ղեկավար և վիրաբուժության ամբիոնի ասիստենտ-դասախոս։  Նա ժպիտով է պատմում, որ իրեն Հայաստան է բերել ոչ միայն հայ կինը, այլև սերն այն ամենի հանդեպ, ինչ տեսել ու սովորել է Հայաստանում:

«Ես Հայաստանում ամեն ինչն եմ սիրում՝ եղանակը, փողոցները, մարդկանց ժպիտները, ջերմ վերաբերմունքը օտարերկրացիների նկատմամբ: Եվ այս ամենը Հայաստանը հոյակապ երկիր է դարձնում: Խնդիրներ բոլոր երկրներում էլ կան: Բայց եթե բոլորս մեր ներդրումն ունենանք այս երկրի զարգացման մեջ, կարծում եմ՝ այն ավելի կատարյալ կդառնա»,- նշում է Ռահուլը:

Նա նկատում է, որ Հայաստանում գտնվելու առաջին իսկ օրվանից առանձնահատուկ ջերմ վերաբերմունք է տեսել իր ու մյուս հնդիկների նկատմամբ։ Անգամ հիշում է, թե ինչպես էին Երևանի կենտրոնում անծանոթ մարդիկ մոտենում իրեն ու ընկերներին, զրուցում ու հետաքրքրվում հնդկական մշակույթի մասին։ «Հայերի ու հնդիկների մշակույթների, կենցաղի, ընտանիքի հանդեպ վերաբերմունքի մեջ շատ ընդհանրություններ կան: Գուցե, դա է պատճառը, որ երկու ազգերի մեջ հետաքրքրվածությունը մեկը մյուսի հանդեպ մեծ է»,- նշում է նա՝ չբացառելով, որ Հայաստանում մեծ հեղինակություն վայելող հնդկական ֆիլմերը ևս հնդկական մշակույթի հանդեպ ջերմ վերաբերմունքի պատճառ են:

Տարիներ ի վեր Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը մշտապես միտված է եղել մշակութային բազմազանությունը  չսահմանափակելուն։  ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանն ընդգծում է, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ապրող օտարերկրացիների ու ազգային փոքրամասնությունների համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ ապրելու և գործունեություն ծավալելու համար:

2011 թվականից Հայաստանում գործում է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, որը բազմաբովանդակ գործունեություն է ծավալում: Կազմակերպության ծրագրերի համակարգող Կարեն Մկրտչյանը նշում է, որ կազմակերպության ներքո այս պահին գործում է Հնդկական մշակութային կենտրոնը, որտեղ տարիների ընթացքում զանազան մշակութային և կրթական ծրագրեր են իրականացրել: Այսօր էլ կազմակերպության հովանու ներքո իրականացվում են պարի, յոգայի, հնդկերենի դասեր:

Սանթոշ Կումարի Արորան, ով սիրում է ասել, որ իր հայրենիքն ամբողջ երկրագունդն է, տարիներ առաջ որպես իր երկրորդ ու մշտական հայրենիք դարձրեց Հայաստանը: 1987 թվականին Լենինգրադի պետական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա՝ արդեն ամուսնացած ու երեխաների հետ, տեղափոխվում է Հայաստան:

«Տեղափոխվեցինք Հայաստան, քանի որ ամուսինս հայ էր: Ես շատ սիրեցի այս երկիրը և հեշտությամբ հարմարվեցի, սկսեցի դասավանդել և հայ երիտասարդներին ներկայացնել հնդկական լեզուն ու մշակույթը: Մինչև 2017 թվականը դասավանդել եմ Երևանի պետական համալսարանում, այժմ՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Իմ կյանքն այլևս չեմ պատկերացնում առանց ուսանողներիս»,- պատմում է Սանթոշը:  

Նա ընդգծում է, որ Հայաստանում բնակվելու օրվանից ի վեր միշտ ամենաջերմ վերաբերմունքն է ստացել և նույնը տեսել է նաև շատ այլ հնդիկների նկատմամբ: Խոսելով հանդուրժողականության մթնոլորտի մասին՝  նա փաստում է. «Ինչ սերմեր ցանում ենք, այն էլ քաղում ենք: Մարդուն սիրում են արած գործերի ու քայլերի համար: Եթե արարքներդ բարի են, ապա բոլորն էլ կսիրեն քեզ: Ես ապրել եմ հենց այդ սկզբունքներով, և ինձ համար դժվարություններ երբեք չեն եղել»:

Գայանե Գաբոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am