Քաղաքականություն

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն վստահ է, որ առաքելության ժամանակ հավաքագրած արժեքավոր տեղեկատվությունը թույլ կտա վեր հանել օբյեկտիվ իրականությունն առ այն, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կաստալդոն լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք մեծապես մտահոգված են և դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ:

«Մենք հուսով ենք, որ մեղավորները կկանչվեն պատասխանատվության: Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել այն աշխատանքները, որոնք սկսվել են մեր հանձնառությունների ներքո: Մենք դատապարտում ենք 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների չվերադարձնելու փաստը, ինչպես նաև կողմ ենք քվեարկել այն բանաձևին, որով դատապարտվում էին հայկական մշակութային հաստատությունների հանդեպ ոտնձգությունները»,-ասաց նա:

Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքները:

«Քաղաքացիական բնակչությունը չի կարող ապրել այդպիսի սպառնալիքների ներքո»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով շարունակել դիվանագիտական ջանքերը և ապահովել ցանկացած հակամարտության կարգավորում միայն դիվանագիտական ճանապարհով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել է Հայաստան: Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում