Քաղաքականություն

Հայաստանի իրավապահ մարմիններն ի զորու են պաշտպանել երկրի պետականությունը․ իշխող ուժի արձագանքը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի իրավապահ մարմիններն ի զորու են պաշտպանել երկրի պետականությունը․ իշխող ուժի արձագանքը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամներն անդրադարձել են Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ իշխող ուժի ներկայացուցիչները կարծում են, որ տեղի ունեցածը հարձակում է Հայաստանի պետականության և ինքնիշխանության վրա՝ շեշտելով, որ որևէ մեկին չի հաջողվելու տապալել Հայաստանի սահմանադրական կարգը։

Երևանի քաղաքապետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ ԱԱԾ-ն, ՆԳՆ ոստիկանությունն ու այլ պատկան մարմիններն ի զորու են պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունն՝ ի հեճուկս հետադիմական բարքեր քարոզող, խուլիգան, հավատքն ու առաքելությունն ուրացած ինչ որ ուժերի:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ ամբողջ աշխարհում, ու միշտ, լարված իրավիճակներում հոգևորականները միջամտել են՝ փորձելով հանգստացնել կրքերը ու կանխել բախումները:

«Մեզ մոտ աննախադեպ ու չլսված բան տեղի ունեցավ. հոգևորականը սկսեց կրքեր բորբոքել, մեկ ամսից ավելի տարբեր ստեր ու վիրավորանքներ տարածելով՝ ատելություն գեներացնել, սրբազան շարժման անվան տակ, Աստծո անունը տալով՝ անհնազանդության ակցիաներ կազմակերպել, վերջնագրեր ու «սիմվոլիկ» վերջնաժամկետներ ներկայացնել, վերջում էլ տարավ բախման:

Սա կարմիր գիծ էր, որը չէր կարելի հատել: Բայց ոնց հասկացա, որոշ մարդկանց համար կարմիր գծեր չկան:

Մեր վիրավորված համաքաղաքացիների արյունը այդ հոգևորականի, նրան ակնհայտ և ծածուկ սատարող քաղաքական գործիչների ձեռքերին է:

Վիրավորում ստացածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Իսկ այս ամենը գծագրած և կազմակերպած արկածախնդիրները լավ կլինի վերջնականապես համոզվեն, որ իրենց չի հաջողվելու տապալել մեր երկրի սահմանադրական կարգն ու մեր երկիրը դարձնել իրենց երազած ճորտատիրական բարքերով «գուբերնյան»:

Կեցցե ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Թունյանը։

«Սա՞ էր նպատակը, սա էր Ձեր երազանքը, աչքերին նայում ես՝ չարությունը հորդում է: Հիմա էլ շնորհակալություն են հայտնում, որ ոստիկանության հետ բախումները վերջապես ամիսներ անց տեղի ունեցան: Մարդիկ վիրավորվել են իր սադրանքի պատճառով, ինքը հիմա էլ երաժշտության տակ ցուցարարի «ՈԳԻ» է բարձրացնում:

Սրանո՞վ եք որոշել մարդ հավաքել:

Ու կարևորը բախումների կենտրոնում պետք է լիներ հասարակ ժողովուրդը: Իսկ իրանք բեմից հետևեին մարդկանց մեջ ներարկած թույնի արտահոսքին:

Ձեր պատասխանը ստանալու եք հենց ձեր շուրջը խաբված ժողովրդի կողմից»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը:

Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն այսօր ցանկանում էր կրկնել նույնը, ինչ արել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հարձակվել էին Ազգային ժողովի վրա և փորձել սպանել այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Բագրատ Գալստանյանը այսօր կազմակերպել է հարձակում Ազգային ժողովի վրա և նրա հետ հանցակցել է խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի վրա հարձակում էր տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ խառնամբոխը փորձեց սպանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Բագրատ Գալստանյանը ցանկանում էր այսօր Ազգային ժողովում անել նույնը` ինչ արել են իրենք նոյեմբերի 9-ին: Հիմա, Բագրատ Գալստանյանը կոչ է անում գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել նրա հետ: Նույնը նրանք փորձում էին անել 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

Այսօր Բագրատ Գալստանյանը և խորհրդարանական ընդդիմությունը փորձել են կազմակերպել 2-րդ նոյեմբերի 9-ը` փորձելով իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը:

Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը, նոր հոկտեմբերի 27-ը:

Այսօր և այսուհետ Խորհդրանական մեծամասնությունն ու մեր քաղաքական թիմը` Վարչապետի գլխավորությամբ, պաշտպանում և պաշտպանելու է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած հարձակումից:

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն: Ժողովրդի իշխանությունը մնալու է անառիկ:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե´ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»,- գրել է Կոնջորյանը։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում