Չինաստան

Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում. Չեն Մին

8 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում. Չեն Մին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ իրենց ժողովրդական ազատագրական բանակը հիմնադրման օրվանից՝ 1927 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նշանակալի ներդրում է ունեցել նոր Չինաստանի ստեղծման և զարգացման գործում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման գործում:

«Չինաստանը անշեղորեն հավատարիմ է եղել անկախ, ինքնուրույն և խաղաղ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ազգային անվտանգության պաշպանության քաղաքականությանը: 70 տարի առաջ, առճակատվելով թեժ պատերազմի սարսափներին և սառը պատերազմի արգելափակումներին, Չինաստանը առաջ քաշեց խաղաղ գոյակցության հինգ սկզբունքներ, որոնք միաձայն ճանաչվեցին միջազգային հանրության կողմից և դարձան միջպետական հարաբերությունների կարգավորման ընդհանուր ընդունված նորմեր։ Այսօր, վերջին 70 տարիների ընթացքում կատարված աննախադեպ փոփոխությունների պայմաններում, Չինաստանը, հավատարիմ մնալով համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման իր արտաքին քաղաքականության նպատակին, ձգտում է կառուցել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք»,- ասաց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Չեն Մինը հայտնեց, որ Չինաստանը կողմնակից է բազմաբևեռ աշխարհին, որը հիմնված է հավասարության և կարգապահության վրա, կողմնակից է համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխումների և կառուցման ակտիվ մասնակցությանը, կողմնակից է ներառական և համապարփակ տնտեսական գլոբալիզացմանը, խթանում է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցումը, ինչպես նաև գլոբալ նախաձեռնություններ է իրականացնում զարգացման, անվտանգության և քաղաքակրթության ոլորտներում:

«Ազգային անվտանգությունը կարևոր հիմք է Չինաստանի արդիականացման կայուն առաջընթացի համար: Չինաստանը, առաջնորդվելով ազգային անվտանգության համապարփակ հայեցակարգով, ձգտում է հասնել բարձրորակ զարգացման և անվտանգության բարձր մակարդակի ներդաշնակ փոխգործակցության՝ միաժամանակ համակարգելով սեփական և ընդհանուր անվտանգությունը։ Չինաստանը նպաստում է համընդհանուր, համապարփակ, համագործակցային և կայուն գլոբալ անվտանգության տեսակետի ստեղծմանը` կառուցելով անվտանգության վրա հիմնված մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք»,- նշեց դիվանագետը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի ապրիլին, բախվելով միջազգային անվտանգության փոփոխվող և բարդ իրավիճակին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը նախաձեռնեց գլոբալ անվտանգության նախաձեռնություն՝ առաջարկելով նոր ուղի, որը հիմնված է երկխոսության՝ այլ ոչ առճակատման, համագործակցության՝ այլ ոչ դաշինքների վրա, և, իհարկե, փոխադարձ շահի վրա, ինչպես նաև առաջարկում է չինական լուծում՝ գլոբալ անվտանգության մարտահրավերները հաղթահարելու համար։

«Արդեն երկու տարուց ավել է այս նախաձեռնությունը աջակցվում և ճանաչվում է ավելի քան 100 երկրների և միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ այն դարձնելով միջազգային կոնսենսուս՝ գլոբալ ազդեցությամբ: Այս ամսվա կեսերին Չինաստանը ստեղծեց Գլոբալ անվտանգության նախաձեռնության հետազոտական կենտրոն և հրապարակեց «Գլոբալ անվտանգության նախաձեռնության կիրառման առաջընթացի զեկույց», որպեսզի խթանի համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից ամենամեծաթիվ խաղաղապահ ուժեր ունեցող երկիրն է և ՄԱԿ-ի խաղաղապահական բյուջեում երկրորդ խոշոր ներդրողը, ինչի շնորհիվ նա ձեռք է բերել «խաղաղապահ գործողությունների առանցքային գործոնի և առանցքային ուժի» կոչում»,- մանրամասնեց Չեն Մինը։

Նրա խոսքով՝ չին և հայ ժողովուրդները սիրում են խաղաղությունը և ձգտում դրան։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, անցած 32 տարիների ընթացքում, երկու կողմերն էլ հարգել են միմյանց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ շարունակելով զարգացնել բարեկամական համագործակցությունը՝ հավասարության և փոխշահավետության հիման վրա։

«Վերջին տարիների ընթացքում՝ երկու երկրների ղեկավարների ռազմավարական ղեկավարության ներքո, Չինաստան-Հայաստան ռազմական համագործակցությունը հասել է զգալի հաջողությունների՝ դրական ներդրում ունենալով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Չինաստանը պատրաստ է էլ ավելի խորացնել փոխանակումներն ու համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում նաև անվտանգության ոլորտում, և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել»,- եզրափակեց դիվանագետը։

Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանն իր հերթին նշեց, որ նոր դարաշրջանում Չինաստանի ժողովրդական բանակը դուրս է գալիս միջազգային ասպարեզ՝ իր ներդրումն ունենալով համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման գործում։

Նրա հավաստմամբ՝ չինական բանակն ակտիվորեն իրականացնում է անվտանգության համաշխարհային նախաձեռնություն։ Չին զինվորականները լայնորեն համագործակցել և համագործակցում են աշխարհի ավելի քան 150 երկրների հետ՝ վճռականորեն աջակցելով միջազգային արդարադատությանը և տարածաշրջանային խաղաղ կայունությանը, դրական ներդրում ունենալով մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցման գործում:

«Չինաստանն ու Հայաստանը քաղաքակրթության հազարամյա պատմություն ունեցող երկրներ են։ Մեր ժողովուրդներն օժտված են բարությամբ, համառությամբ և ունեն բռնության դեմ պայքարի անկոտրում ոգի։ Հայ ժողովուրդը կարողանում է ավելի լավ հասկանալ և գիտակցել 70 տարի առաջ Չինաստանի առաջարկած խաղաղ գոյակցության հինգ սկզբունքները և մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնք կառուցելու հայեցակարգը, որն այժմ առաջարկվում է Չինաստանի կողմից։ Չինաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության զարգացումը նույնպես հիմնված է այս ընդհանուր հայեցակարգերի վրա, ունի զարգացման անսահմանափակ ներուժ և մեծ դեր կխաղա Անդրկովկասյան տարածաշրջանում և նույնիսկ ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ապահովման գործում»,- ասաց Ան Ցյանը։

Նրա բնորոշմամբ՝ Չինաստանի և Հայաստանի բանակների փոխգործակցությունը երկու երկրների հարաբերությունների կարևոր մասն են։

«Անցած տարվա հոկտեմբերին մեր բանակների ղեկավարները բանակցություններ ունեցան և մտքեր փոխանակեցին ռազմական հարաբերությունների զարգացման շուրջ, ինչը նոր լիցք հաղորդեց մեր բանակների միջև գործնական համագործակցությանը։ Երկու կողմերն օգտակար փոխանակումներ են անցկացրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատվիրակությունների փոխայցելությունները, մասնագիտական ​​փոխանակումները և անձնակազմի վերապատրաստումը: Չինաստանը պատրաստ է ջանքեր գործադրել աշխատելու հայկական կողմի հետ ռազմական ոլորտում՝ ռազմավարական կապերի ամրապնդման, փոխանակումների և համագործակցության խորացման և Չինաստանի և Հայաստանի միջև համապարփակ, բազմամակարդակ և լայնածավալ պաշտպանական համագործակցության նոր շրջանակի ձևավորմանը նպաստելու համար»,- եզրափակեց Ան Ցյանը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում