Չինաստան

Հայաստանի ու Չինաստանի համագործակցությունը բարձր մակարդակով զարգանում է նաև պաշտպանական գերատեսչությունների միջև. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Չինաստանի համագործակցությունը բարձր մակարդակով զարգանում է նաև պաշտպանական գերատեսչությունների միջև. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս Չինաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը մեր պետության արտաքին քաղաքականության գերակայություններից է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ 

«Ժամանակակից չինական բանակն արդեն 97 տարեկան է, բայց ոգեշնչվում է հազարամյա պատմություն ունեցող Չինաստանի ազատության և անկախության պաշտպանների մարտական ոգով ու փառքով։ Դարեր շարունակ չինացի մարտիկը հանդիսանում է արիության ու անձնվիրության օրինակ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին և ռազմական արհեստավարժությունը սկիզբ են դրել այն ստեղծագործական ուժի ծագմանը, որն օգնել է չին ժողովրդին դիմակայելու ամենածանր պայմաններում»,- ասաց Ասրյանը։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը տեղեկացրեց, որ ներկայումս Չինաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը մեր պետության արտաքին քաղաքականության գերակայություններից է։ Ասրյանի հավաստմամբ՝ Հայաստան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ավանդական փոխադարձ հարգանքի, համաձայնության ու քաղաքական երկխոսության  բարձր մակարդակի վրա և այսօր մեծ գոհունակությամբ կարելի է նշել, որ նույն հաջողությամբ զարգանում է համագործակցությունը նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև։ Սերտ կապեր են պաշտպանվում պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբների ղեկավարների մակարդակով։ 

2023 թվականի հոկտեմբերին կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստան, որի ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել ռազմական փոխգործակցության նոր ուղղությունների շուրջ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին պլանավորված է պաշտպանական գերատեսչության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնական այցը Չինաստան և մասնակցությունը Սյան Շանի 11-րդ համաժողովին։ Բացի այդ, այս տարի իրականացվել են նաև մի շարք բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ։ 

«Խոսելով մեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման մասին՝ վստահ կարող եմ ասել, որ Չինաստանի կողմից առաջարկված խաղաղ գոյության հինգ սկզբունքները և մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնք կառուցելու հայեցակարգը լիովին համահունչ են Հայաստանի շահերին։ Համոզված եմ, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների հիմքում դրված է չօգտագործված մեծ ներուժ և մենք կշարունակենք երկկողմ համագործակցության զարգացումն ինչպես պաշտպանական ոլորտում, այնպես էլ այլ ուղղություններով՝ հիմնվելով հիշյալ հայեցակարգի, որոշումների ու տեսակետների վրա»,-նշեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։     

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում