Իրավունք

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազը հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 4500 խմ ծավալով օգտակար հանածո (ավազակոպիճ): Այնուհետև, արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով այն տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող ընկերության տարածք, որտեղ, ձեռքբերման աղբյուրը թաքցնելով, նշված 4500 խմ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը և համայնքին պատճառելով մոտ 10 մլն դրամի վնաս:

Ըստ աղբյուրի՝ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Նշվում է, որ պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասը հուլիսի 30-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում