ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգումից և վերազինումից հետո Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը հունիսի 12-ին Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով իր հյուրընկալ դռները բացեց հանդիսատեսի առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ շատ կարևոր է, որ Երևան քաղաքի բոլոր թատրոնները լինեն արդիական և հանդիսատեսի համար հրաշալի միջավայր ապահովեն: Նա կարծում է կատարված աշխատանքի արդյունքում մեր մշակութային կյանքն ավելի լավն է դառնում: «Չեմ կարող ասել, թե որքան գումար է հատկացվել հիմնանորագման համար, բայց բավականին դժվար և տևական գործընթաց է իրականացվել, քանի որ մեր պահանջները բավականին խիստ էին: Մենք բծախնդիր ենք: Ըստ իս՝ դա է ճիշտ մոտեցումը: Ե՛վ հանդիսատեսը, և՛ արտիստները արժանի են լավագույնին»,-շեշտեց նա և հավելեց՝ հիմնանորոգված թատրոնը նաև դրական ազդեցություն կունենա ստեղծագործական գործընթացի վրա:
Քաղաքապետի խոսքով՝ նախատեսում են հիմնանորոգել Պատանի հանդիսատեսի թատրոնը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանն ընդգծեց՝ Երևանի քաղաքապետարանի ջանքերով թատրոնի շենքը հիմնանորոգվել է թե՛ դրսից, թե՛ ներսից, վերազինվել է նոր լուսային և ձայնային տեխնիկայով: «Երբ վստահ ես, որ թատրոնը տեխնիկապես զինված է, ավելի լավ ես քեզ զգում բեմում ու չես մտածում այլ հարցերի մասին, երբ դերասանը գիտի, որ լավ և ճիշտ լույս է օգտագործվում, ավելի վստահ է խաղում»,-ասաց նա:
Մելքոնյանը նաև «Սովորական հրաշք» ներկայացման բեմադրիչն է: Նա նշեց՝ ներկայացումը սիրո գերբնական ուժի մասին է և հավաստիացրեց, որ սերը կարող է հրաշքներ գործել: «Ինչո՞ւ սովորական հրաշք, որովհետև կյանքում հրաշքներ լինում են, բայց մենք չենք նկատում: Պետք է նկատել, հաճույք ստանալ կյանքից և սիրել»,-նշեց Մելքոնյանը:
Ներկայացման մեջ զբաղված են ինչպես թատրոնի դերասանները, այնպես էլ՝ հրավիրված արտիստներ: Ռեժիսորը հիացած է բոլորի պրոֆեսիոնալիզմով:
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեծ իրադարձություն է համարում թատրոնի շենքի վերաբացումը: «Իրականում ստեղծվում է նոր թատրոն, որովհետև ամեն մի նոր գեղարվեստական ղեկավար նոր թատրոն է ստեղծում: Թատրոնը ծնվում է, ապրում է, մեռնում է: Նոր թատրոնը ծնվում է, պահպանում է լավագույն ավանդույթները մի թատրոնի, որ կրում է հրաշալի արտիստ Մհեր Մկրտչյանի անունը: Իզուր չէ, որ այն կոչվում է արտիստական թատրոն, և թատրոնի ղեկավարն արտիստ է առաջին հերթին: Դա նշանակում է, որ առաջին պլանում կլինի դերասանը. դրա կարիքը կա: Բազմաթիվ հրաշալի ռեժիսորների ենք հանդիպում, բայց կարիք ունենք նաև հրաշալի դերասանների, որոնք միջազգային ճանաչում կունենան: Ուրախ օր է բոլորիս համար, իբրև վերածունդ կամ ծնունդ»,- ընդգծեց Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ Տաթևիկ Մելքոնյանը խաղացել է Տիկնիկային, Ստանիսլավկսու անվան, «Մետրո», Սունդուկյանի անվան թատրոններում: «Նրա ռեժիսորական դեբյուտը Տիկնիկային թատրոնում էր, և ես ուրախ եմ, որ նա չի սահմանափակվել միայն տիկնիկային թատրոնով, որովհետև արվեստը սիրում է ազատություն, և յուրաքանչյուր արվեստագետ պետք է ազատ լինի: Մեծ հույսեր եմ կապում Տաթևիկի՝ որպես ռեժիսորի հետ և առաջին հերթին՝ որպես թատրոնի շինարարի: Մի բան է լավ բեմադրոթւյուն անելը, մեկ այլ բան է թատրոն կառուցելը: Հույս ունեմ, որ Տաթևիկը նաև չի մոռանա բեմը: Մենք այդ տեսակի դերասանուհի կորցնելու իրավունք չունենք»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը;
Թատրոնն ունի հարուստ խաղացանկ: Կան վերականգնված ներկայացումներ, սպասվում են նաև առաջնախաղեր: